Լրահոս
Օրվա լրահոսը

Վանդալիզմ՝ Իսրայելյանի հանդեպ

Հոկտեմբեր 11,2011 00:00

Անվանի ճարտարապետի տունը քանդեցին

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան 9 հասցեում գտնվող տունը, որտեղ վարպետն ապրել է 1936 թվականից մինչեւ մահը, գետնին հավասարվեց:
Շինարարության ավարտից հետո՝ 3 տարի անց, վարպետի նախագծած տան փոխարեն վեր խոյացած կլինի 5 հարկանի հյուրանոցային բազմաֆունկցիոնալ շենք: Արդեն մի քանի օր է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շինարարության դեմ պայքարող խումբ է ձեւավորվել: Երեկ առավոտյան, երբ գետնին էին հավասարվում շենքի պատերը, մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում նաեւ դպրոցականներ էին, բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով, որ գոնե շենքի ճակատային մասը պահպանվի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց վարպետի թոռը՝ «Ռաֆայել Իսրայելյան» հ/կ-ի անդամ Տիգրան Ղանալանյանը, «Ճարտարապետի մահվանից հետո շենքը մտցվել է Հուշարձանների պահպանության պետական ցուցակի մեջ, բայց հետագայում առանց հիմնավորման դուրս բերվել: Նախատեսվում էր, որ այս տունը տուն-թանգարան պետք է լինի, ինչ-որ փորձեր եղան, բայց որեւէ պետական մոտեցում չեղավ: Երբ իմացանք, որ պահպանության ցուցակից հանվել է, դիմում գրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որ հարցը քննարկվի՝ Հուշարձանների պահպանության ցուցակ ետ մտցնելու համար: Սեպտեմբերին ներկայացրինք Հուշարձանների պահպանության կոմիտե, այնտեղ ասացին, որ մեկ տարուց հարցը կքննարկվի, բայց ցուցակում ներառելու պատրաստակամություն հայտնել էին»,- ասաց նա: Հարցրինք, թե շենքը վաճառելիս պահպանման որեւէ պայման չի՞ դրվել: Մեր զրուցակցի փոխանցմամբ, վարպետի ժառանգները շենքի վաճառքի մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ այն արդեն վաճառված է եղել: «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ Սարյան 9 հասցեում գտնվող տունը Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների նախկին ցուցակում երբեք ընդգրկված չի եղել:
«Քաղաքները չեն ստեղծվում մեկ-երկու օրում, անկախության 20-ամյակ նշելը դեռ չի նշանակում, որ մեր քաղաքի եւ պետության համար դա լուրջ ժամանակահատված է: Այս փողոցում զբոսնել են Սարյանը, Իսրայելյանը, Վարազդատ Հարությունյանը, Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը: Սարյան փողոցը կոմունիստական ապազգային իշխանությունների օրոք մտածված եւ նախագծված է եղել, մի փողոց, որտեղ կապրեն արվեստագետները, եւ կծաղկի ազգային մշակույթը: Փողոցները պետք է զգան այդ մարդկանց ներկայությունը: Մեր օրոք այս փողոցը դառնում է հյուրանոցային համալիրների, վաղը մյուս օրը՝ գիշերային ակումբների հարմար վայր: Ցավալի է, որ այս խնդրով զբաղվում են մարդիկ, որոնք զուրկ են հիշողությունից եւ քաղաքային մշակույթի հետ կապ չունեն»,- «Առավոտին» իր վրդովմունքը հայտնեց արվեստաբան, ԵՊՀ դասախոս Արա Աթայանը: Արվեստաբանը կարծում է, որ միայն այն հանգամանքը, որ տունը նախագծել է Ռաֆայել Իսրայելյանը, այն արվեստի տեսանկյունից արդեն արժեք է եւ վանդալիզմ է ոչնչացնելը այն, ինչը քաղաքի պատմության հետ է կապված: Բողոքի ակցիայի կազմակերպիչներն արդեն տեղյակ են պահել պատկան բոլոր մարմիններին: Նրանք կոչ են անում քաղաքապետին կանգնեցնել շինարարությունը, բանակցություններ սկսել սեփականատիրոջ հետ: ՀՀ մշակույթի նախարարին էլ անտարբեր չլինելու կոչ ուղղեցին: Ակցիայի ժամանակ հարեւան ներկայացած սափրագլուխներ հայտնվեցին ու հավաքվածներին «խորհուրդ տվին» մոռանալ շենքի մասին. «Ում ուզում եք՝ դիմեք, ոչինչ չի փոխվելու»: «Ախպեր ջան», «մեռնեմ ջանիդ», «քուրս» եւ նման արտահայտություններով խոսող սափրագլուխներից մեկն էլ ակցիայի կազմակերպիչ Անուշիկ Ավետյանի հարցին՝ եթե դրսից հյուրեր ունենաք՝ ի՞նչ եք ցույց տալու, այսպես պատասխանեց. «Կտանեմ հրապարակ, քյաբաբնոց, խորովածանոց, հո չե՞մ տանելու Ռաֆայել Իսրայելյանի կամ էս Վարազդատ Հարությունյանի տունը ցույց տամ (Վ. Հարությունյանի տունը Իսրայելյանի տան կողքին է- Լ. Խ.)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել