Լրահոս
Օրվա լրահոսը

101 միլիարդանոց բյուջեն՝ փոքր ու միջին բիզնեսի հաշվին

Հոկտեմբեր 20,2011 00:00

2012 թվականի բյուջեն, որ նախատեսվում է 101 միլիարդ դրամով ավելացնել, ոչինչ չասող բյուջե է, այս բյուջեն կատարելու դեպքում բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
101 միլիարդանոց բյուջե հավաքելու համար, ըստ նրա, քաղաքական որոշում է պետք. «Սերժ Սարգսյանը պետք է գործարար-օլիգարխներին հավաքի մի սեղանի շուրջ ու հայտարարի՝ այսուհետ պետք է ինվոյսով աշխատեք, սեւ շուկան վերացնում ենք, խաղի կանոնները փոխվում են: Թե չէ այսպես ինչի՞ հաշվին են հավաքելու: Եթե չկա քաղաքական որոշում, ուրեմն փոքր ու միջին բիզնեսի վրա է դրված այդ բյուջեն հավաքելու խնդիրը»: ՀԱԿ ներկայացուցիչը, մեջբերելով 2010-ի արտաքին առեւտրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, նշեց, որ 1 կգ կարագի ներմուծման գինը 3,5 դոլար է, իսկ վաճառվում է 3-4 հազար դրամով. «Պարզվում է, Հայաստանում կան ֆանտաստիկ գործունյա մարդիկ, որոնք կարողանում են միջազգային բորսայից 2-4 անգամ էժան ապրանքներ ներկրել: Ոչ ոք հայերին այդպիսի լավություն չի անի: Ուղղակի ներմուծումը էժան են ցույց տալիս, որ հարկեր քիչ վճարեն: Ստվերն այստեղից է սկսվում: Երբ գործարարները սկսում են այդ մարդկանցից ապրանքներ գնել, նրանք ցույց են տալիս այդ գները: Այսինքն՝ շաքարավազն իրականում արժե 400 դրամ, ցույց են տալիս՝ 200, մի 200-ը՝ փոխանցումով, մյուս 200-ը՝ քյաշ: Սեւ հաշվապահություն է լինում»:
Ինչ վերաբերում է սպասվելիք համաշխարհային տնտեսական ճգնաժամի 2-րդ ալիքին, ապա տնտեսագետը համոզված է, որ դա կազդի նախ Ռուսաստանի, ապա մեր երկրի տնտեսության վրա: Իսկ քանի որ ռուսաստանյան ներդրումները մեզ մոտ մեծ են, մեր երկիր մտնող տրանսֆերտներն էլ՝ շատ, ապա նոր ալիքի ազդեցությունը ՀՀ-ի տնտեսությանը կարող է փոխանցվել նաեւ ՌԴ-ից:
«Առավոտը» Վահագն Խաչատրյանին, որպես նախկին քաղաքապետ, խնդրեց մեկնաբանել ներկայիս քաղաքապետի գործելաոճը, մասնավորապես՝ գովազդային այն ընկերությունների հանդեպ, որոնք մայրաքաղաքի փողոցներում գովազդային մեծ վահանակներ են տեղադրում, իսկ քաղաքապետն էլ հրահանգել է ապամոնտաժել: «Համոզված չեմ, որ դա արել է քաղաքի արտաքին տեսքի համար, այդ բնագավառներում ինչ-որ մեկին մենաշնորհ տալու համար են անում: Լա՛վ քաղաքապետ է, նախ թող աղբահանությունը, ջրամատակարարումն ու տրանսպորտը բերի եվրոպական չափանիշների: Դրայվ սիրող քաղաքապետը թող մի օր նայի, թե ինչ նախնադարյան մեթոդներով են աղբահանումն իրականացնում»,- պատասխանեց Վ. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել