Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐՈՎ ԻՋԱՎ

Հոկտեմբեր 21,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը լսեց Արթուր Հովհաննիսյանի վերջին խոսքը եւ անցավ խորհրդակցական սենյակ:
«Մեկ անգամ եւս նշել, որ  պրեկուրսոր իրացնելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, իսկ թմրանյութ օգտագործելու համար ինձ մեղավոր եմ ճանաչում լիովին: Քրօրի 165 հոդ. 2-րդ մասի վերաբերյալ հայտնում եմ, որ չեմ գիտակցել, որ կատարում եմ հանցագործություն, քանի որ որդուս խնդրել եմ ինձ փոխանցել թմրանյութ, վախենալով, որ մեթադոն չընդունելու պատճառով  վիճակս կարող է վատանալ: Ես զղջում եմ կատարվածի համար, անչափահաս երեխայիս հանցագործության մեջ ներգրավելու ցանկություն  չեմ ունեցել, նաեւ որդիս չի իմացել, թե ինձ ինչ է փոխանցելու, որովհետեւ դա եղել է ծխախոտի պաչկայի մեջ»,-ասաց Ա.Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է  ՀՀ քրօրի 266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով եւ նույն հոդվածի 4-րդ մասով (թմրանյութ իրացնելու դրվագով) նախատեսված արարքին, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ես նման բան չեմ արել: 2010թ. հոկտեմբերի 11-ին ես Մարատ Խաչիկյանին ոչ ափիոն տեսակի թմրանյութ, ոչ էլ պրեկուրսոր չեմ վաճառել, չեմ տվել, ես ընդհանրապես այդ օրը Մարատ Խաչիկյանին չեմ տեսել: Իրոք, ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, սակայն ինքը ինձ զանգահարել է բենզինի հարցով, քանի որ ցանկանում էր պարտքով բենզին վերցնել: Ես հենց առաջին իմ ոստիկանության բաժին կամավոր ներկայանալու օրվանից պնդել եմ, որ Մարատը սուտ է ասում, ես իրեն թմրանյութ չեմ իրացրել, պահանջել եմ կատարել առերեսում, սակայն քննիչը իմ պահանջը չի կատարել, չնայած որ օրենքով պարտավոր էր: Ես կատարյալ համոզված եմ, որ դրա պատճառն այն էր, որ քննիչը գիտեր, որ Մարատ Խաչիկյանը սուտ է ասում եւ չի կարողանա ասի նույն բանը աչքերիս նայելով»:
Ամբաստանյալը խնդրեց հաշվի առնել իր մի շարք հիվանդությունները:
Դատարանը նրան դատապարտեց 6,5 տարվա ազատազրկման, 100 000 դրամ տուգանքն էլ չմոռացավ:
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր 7,5 տարվա ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել