Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի կրկնուսույցները չեն կարողացել պատասխանել դպրոցական թեստի հարցերին

Հոկտեմբեր 21,2011 00:00

Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 25-ին Իջեւանի ավագ դպրոցում ուսուցիչների թափուր տեղի համար մրցույթում մասնակից 19 հավակնորդ-ուսուցչից ընտրվել էր միայն մեկը՝ հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, մնացած առարկաների մասնագետները չէին կարողացել հանձնել քննությունը:
Կայացել է երկրորդ մրցույթը նույն առարկաների՝ պատմության, անգլերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղի համար: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել է 15 հոգի, մրցույթին մասնակցել է 11-ը եւ միայն մեկն է հաղթահարել քննական արգելքը, ճիշտ պատասխանել առաջադրված 40 հարցից 32-ին՝ հարցերի 80 տոկոսին: Նա հաջողությամբ է հանձնել նաեւ բանավոր քննությունը: Անգլերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար դիմել եւ քննությանը մասնակցել է 4-ական թեկնածու: Անգլերենի քննության 4 մասնակիցներից 2-ն են հաջողել, անգլերենի ուսուցիչ է ընտրվել գրավոր քննության ժամանակ ավելի շատ միավորներ ստացածը:
Իսկ ահա մաթեմատիկայի ուսուցչի 4 հավակնորդներից եւ ոչ մեկը, ինչպես եւ առաջին մրցույթի ժամանակ, չի կարողացել հանձնել գրավոր քննությունը: Ըստ օրենքի, դպրոցի տնօրենը կարող է ընտրել մեկին, ով հետագայում կրթության եւ գիտության նախարարությունում վերաորակավորում է անցնելու:
Ուսուցիչների թափուր տեղերի համար մրցել են ոչ միայն բուհը նոր ավարտածներ, այլեւ աշխատանքային փորձ ունեցող, Իջեւանի այլ կրթօջախներում աշխատող, սակայն ավագ դպրոցում դասավանդելու ցանկություն ունեցող մանկավարժներ: Մրցույթի մասնակիցների շուրջ քառորդ մասը ներկայումս աշխատող կամ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչ է եղել: Առաջին մրցույթի անհաջողակների թվում է եղել հայոց լեզվի, իսկ երկրորդ մրցույթի մասնակիցների մեջ՝ անգլերենի ուսուցիչ, ովքեր Իջեւան քաղաքում հայտնի են որպես բուհ դիմողների մասնագետ-կրկնուսույցներ: Իսկ մրցույթի հարցերը վերցված են եղել դպրոցական միասնական ավարտական քննության թեստերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել