Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը չպետք է բարոյալքել»

Հոկտեմբեր 21,2011 00:00

«Բանակը հանգստյան տուն, առողջարան չէ, այդտեղ նաեւ ուժ, տղամարդկային հատկանիշներ են պետք, բայց դրա հետ մեկտեղ կան վատթարագույն դրսեւորումներ, որոնք ահավոր ֆիզիկական, հոգեբանական, մարմնական վիճակների են հանգեցնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայկական բանակում տիրող վիճակի մասին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Վերջինս համագործակցում է ՊՆ-ի հետ եւ հաճախ է վերջին տարիներին Արցախ մեկնում, հանդիպում ծառայողների հետ: Նրա կարծիքով, բանակը ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ թե դատափետելու, այլ վերահսկելու համար. «Բանակը չպետք է բարոյալքել: Այո՛, բոլոր հիվանդոտ կողմերի մասին պետք է խոսել, բայց բանակը պետք է ամուր պահենք, ինքներս նպաստենք կայացմանը»: «Վերացրեք բոլոր տեսակի խտրականությունները, եթե պաշտոնյաներն ու նրանց երեխաներն էլ ծառայեն, վիճակը կտրուկ կփոխվի»,- վստահ է Դ. Գասպարյանը:
Մյուս բանախոսը՝ Աշոտ Բլեյանը, ինտերնետի, սոցիալական ցանցերի միջոցով խնդրին անդրադառնալը նորմալ է համարում եւ գտնում է, որ այդ առնչությամբ դժգոհել, բորբոքվելը տեղին չէ եւ բանակն արմատական փոփոխությունների կարիք ունի: Առաջին բանը, որ առաջարկում է Բլեյանը՝ ծառայության մեջ խտրականությունը վերացնելն է. բանակը պետք է լինի պարտադիր բոլոր 18 տարին լրացածների համար, անկախ նրանից՝ ծնողը օլիգարխ է, ռեկտոր, թե նախարար, եւ եթե քաղաքացին բանակում չի ծառայել, չպետք է պաշտոն զբաղեցնի. «Մենք թույլ ենք տվել, որ հասարակության մեջ լինեն արտոնյալներ, որոնք սահմանադրությամբ իրենց պարտքը չեն կատարում եւ դա անում են օրենքով, լինում են երկու սորտի քաղաքացիներ»: Մյուսը, որ նա առաջարկեց՝ ծառայության 2 տարի ժամկետը կրճատելն է, որովհետեւ 2 տարվա ընթացքում մարդը կտրվում է իր մասնագիտությունից, ուսումից, ինչը, Ա. Բլեյանի համոզմամբ՝ լուրջ չէ. «Ստացվում է, ով գնում է Հայաստանից՝ փրկվում է, ով մնում է՝ պատժվում է… Հրամանատարը, բանակի գեներալը գիշեր-ցերեկ պիտի վախենա լրագրողից, ինտերնետը բացի՝ սարսափի, ու օրենքի ողջ խստությամբ պատասխան տա քաղաքացուն սպանության հասցնելու համար»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ մեր հասարակությունը կհասնի նրան, որ չծառայած անհատը պախարակվի: «Երբ պաշտոնյան չզբաղեցնի պաշտոն, եթե չծառայի: Մնացածը հեքիաթ ա, ցանկություն ա…»,- առաջարկեց Բլեյանը: Հռետորական հարցին՝ ո՞րն է այս ամենից ելքը: Դ. Գասպարյանն արձագանքեց. «Մեր հասարակությունը հիվանդ է, պետք է բուժվենք, պետք է ազգովի բուժվենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել