Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽԱԽՏՎԵԼ

Հոկտեմբեր 21,2011 00:00

«Հայաստանը մտավոր սեփականության իրավունքի ոլորտին վերաբերող գրեթե բոլոր միջազգային պայմանագրերը վավերացրել է: Հեղինակները, իմանալով իրենց իրավունքների խախտումների մասին, կարող են հանգիստ դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին, օրինակ՝ ոստիկանության համապատասխան մասնագիտացված վարչություն եւ պահանջել իրենց իրավունքների վերականգնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի մտավոր սեփականության իրավունքի հարցերով ազգային խորհրդատու Մարինե Ֆիդանյանը: Օրերս նա եւ ԵՄ մի շարք խորհրդատուներ մասնակցում էին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում Եվրոպական միության փորձը եւ դրա տեղայնացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ, չնայած Հայաստանը վավերացրել է բոլոր միջազգային պայմանագրերը, բայց մարդկանց հեղինակային իրավունքները շարունակվում են խախտվել: Ըստ նրա, կոնկրետ վիճակագրություն էլ չկա, թե քանի իրավատեր է դիմել դատարան եւ վերականգնել իր իրավունքները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը Հայաստանում մտավոր սեփականության առումով բարելավումներ նկատում է: «Գոհ ենք, որ վերջերս Հայաստանի մաքսատունը որոշեց մտավոր սեփականությունը վերահսկել հենց սահմանին, մինչեւ վերջերս այդպես չէր արվում: Մինչ այդ կային սպառման ապրանքներ ներմուծողներ, որոնք մաքսատանը զանազան խնդիրների հետ էին բախվում, ինչն առաջ էր բերում անազնիվ մրցակցություն: Օրինակ՝ Հայաստանում կա «Ադիդաս» կոշիկների մի ներմուծող, որ բացահայտել էր Չինաստանից բերվող կեղծ «ադիդասների» խմբաքանակ: Մարդը դատարան էր դիմել եւ հարցն իր օգտին էր լուծվել, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել, բայց «Ադիդաս» գնելիս վստահ կլինեն, որ իսկականն են գնում, ոչ թե կեղծը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Օ. Սիմոնսը: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հեղինակային իրավունքների խախտմանը, նա կարծում է՝ բոլոր լրագրողները պետք է աշխատեն էթիկայի նորմերին հետեւելով. «Եթե որեւէ բան են ներկայացնում, անպայման հղում անեն: Նկատել եմ, որ այս խնդիրը հատկապես տարածաշրջանում է առկա, բայց Եվրոպայում էլ, որտեղ բարձրագույն ստանդարտների են ձգտում, այդ խնդիրները եւս առկա են, կան մեդիաներ, որոնք էթիկայի կանոններին չեն հետեւում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել