Լրահոս
Օրվա լրահոսը

SOS՝ Իսրայելյանի ժառանգության համար

Հոկտեմբեր 21,2011 00:00

Անվանի ճարտարապետի թանգարանին տարածք է պետք

\"\"

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թոռներից www.rafaelisraelyan.com կայքի հեղինակ, ճարտարապետ Արամ Ղանալանյանը, որն այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում, իր մտահոգությունն է հայտնում Ռ. Իսրայելյանի տան քանդման առիթով: «Ակնհայտ են երկրում տիրող արժեհամակարգի փոփոխությունը, անկումը եւ շատ ու շատ արժեքների մոռացումը: Այսօր մենք կանգնեցինք հերթական կորստյան առջեւ: Քանդվել, ոչնչացվել է ոչ միայն շինություն, արվեստի մի կոթող, այլեւ մի քարակերտ վկայություն, հիշեցում մեծ ճարտարապետի, նրա ավանդի՝ հայկական ճարտարապետության, կերպարվեստի, ազգային սիմվոլիկայի բնագավառում: Ռաֆայել Իսրայելյանը իրենից հետո թողեց ինչպես բացառիկ ճարտարապետական կոթողներ, այնպես էլ ստեղծեց մի նոր ճարտարապետական դպրոց, որի վառ ներկայացուցիչներն այսօր էլ պահում են Իսրայելյանին հատուկ ոճական նրբերանգները՝ ի դեմս ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի: Իսրայելյանի ստեղծագործությունները՝ հուշակոթողները բազում վայրերում դարձել են դրանց խորհրդանիշները, ինչպես, օրինակ, Ապարանի հերոսամարտի հուշարձանը, Նոր Հաճնի հուշարձան-թանգարանը, Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշարձան-թանգարանը, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:
Իսրայելյանի ձեռքին պատկանող բազում շինություններ, որոնք դեռ մնացել են թղթի վրա, այսօր էլ արդիական են եւ ենթակա են կառուցման ու նորովի մեկնաբանման:
Մենք իրավունք չունենք ուրանալու վարպետի ժառանգությունը, աչք փակելու խնդրի վրա: Ժամանակը ցույց է տալիս, որ միահամուռ պայքարը տալիս է իր արդյունքները, ինչին եւս մեկ անգամ ականատես եւ մասնակից եղանք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի (ճարտարապետ՝ Ս. Կնդեղցյան) պահպանման գործում, որի մեջ ներգրավվեցին բազում անհատներ, հայրենակիցներ՝ սփյուռքից, ճարտարապետներ, Ճարտարապետների միությունը, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպությունը:
Վարպետի տան ոչնչացումից հետո թանգարանի կառուցման հարցի լուծումը կարծես թե դառնում է կենսական անհրաժեշտություն՝ արխիվի պահպանման եւ, վերջապես, հանրությանը Իսրայելյանի ժառանգությունը ներկայացնելու համար:
Ռ. Իսրայելյանի թանգարանը կդառնա մշակույթի նոր կենտրոն, երիտասարդ ճարտարապետների եւ ուսանողների մի նոր կրթօջախ: Երեւանում է Ա. Թամանյանի թանգարանը, որը իր կարճատեւ գործունեության ընթացքում հասցրել է դառնալ սիրված եւ հարազատ վայր ճարտարապետների, ուսանողության, մշակութասեր հանրության համար, բազում մշակութային միջոցառումների ու մրցույթների համար բացառիկ «թատերաբեմ»՝ ուրույն եւ մտերմիկ մթնոլորտով: Հարկ եմ համարում նշել, որ ճիշտ է ընտրված նաեւ թանգարանի ֆորմատը՝ թանգարան-ինստիտուտ, որը թույլ է տվել դինամիկ պրոցեսների մեջ լինել եւ չլճանալ: Իսրայելյանի արխիվը ահռելի է եւ պահպանման ու հանրության լայն զանգվածներին ցուցադրվելու կարիք ունի:
Հայցում եմ բոլոր մտահոգ անձանց, կազմակերպությունների, կոլեգաներիս օգնությունը՝ այս դժվարին, բայց միեւնույն ժամանակ չափազանց կարեւոր եւ հապաղում բացառող գործում հաջողության հասնելու համար»,- ասում է Ա. Ղանալանյանը եւ առաջարկում սկսել ստորագրահավաք ու դրա արդյունքներով ներկայացնել պահանջ՝ թանգարանի տարածք ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել