Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ՝ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԹԻՄԻՆ

Հոկտեմբեր 25,2011 00:00

NEW

\"\"«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որը բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, այդ ոլորտում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը, ինչպես նաեւ աշխատանքային-բարեկամական կապերի ամրապնդմանը, բացառիկ մարզական մասսայական միջոցառում է, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական իրականացնողը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Սեպտեմբերի 26-ին մեկնարկած եւ շուրջ մեկ ամիս տեւած մրցաշարը պատշաճ մակարդակով անցավ նաեւ շնորհիվ ֆուտբոլի ֆեդերացիայի, որը հատկացրեց խաղադաշտերը, մարզագույքը, տրամադրեց մրցավարական կազմեր, հանդիպումների ընթացքում մասնակիցների առողջությունն ապահովող ՀՀ առողջապահության նախարարության եւ մրցավայրերում ու դրանց շրջակայքում կարգուկանոն հաստատող ՀՀ ոստիկանության ակտիվ աջակցության շնորհիվ:
«ՀՀ վարչապետի գավաթ 2011» մրցաշարն անցկացվում էր երրորդ անգամ: Նախնական փուլի (մեկնարկի ելել էին \"\"14 գերատեսչություններ) արդյունքով երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպումում գլխավոր մրցանակը վիճարկեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու ՀՀ գլխավոր դատախազության թիմերը: Համառ պայքարի արդյունքում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց ՀՀ դատախազությունը: Նախորդ երկու մրցաշարերի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարությունն այս անգամ բավարարվեց երրորդ տեղով:
Հաղթող թիմը պարգեւատրվեց  գլխավոր գավաթով, ոսկե հուշամեդալներով եւ 600 հազար դրամ խրախուսանքով: Գավաթի, հուշամեդալների, համապատասխանաբար, 400 եւ 200 հազար դրամ խրախուսանքի արժանացան նաեւ երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված թիմերը: Իսկ մրցանակային եռյակի բոլոր ֆուտբոլիստները ստացան նաեւ մարզահագուստ:
Կազմկոմիտեն սահմանել էր նաեւ հատուկ մրցանակներ՝ լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, խաղացող, ամենակարգապահ թիմ («Արդար խաղ»), ինչպես նաեւ լավագույն քաղծառայող: Իսկ մրցաշարը լավագույն ձեւով լուսաբանող ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի մարզական մեկնաբանը: Բոլոր նոմինանտները պարգեւատրվեցին արժեքավոր նվերներով:
Մրցաշարի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունեց լավագույն եռյակը կազմած թիմերին, շնորհակալություն հայտնեց մրցաշարին մասնակցած պետական կառավարման մյուս մարմիններին՝ նշելով, որ մարզական այս միջոցառման գլխավոր նպատակը պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելն է, ինչից շահող ենք դուրս գալիս բոլորս:                                                                                

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել