Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

Հոկտեմբեր 27,2011 13:35

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին

– Դուք ՀՀԿ անդամատոմսեր եք բաժանում մարզերում, կարելի՞ է ենթադրել, որ գլխավորելու եք ցուցակը:
– Տարբեր ենթադրություններ եւ մեկնաբանություններ են կատարվում, ես կարծում եմ, որ կուսակցական տոմսեր բաժանելը նորմալ կուսակցական շինարարության գործ է, եւ գործադիր մարմնի անդամները, երբ իրենք են այդ տոմսերը հանձնում, դա նշանակում է, որ ավելի լուրջ վերաբերմունք ենք դարձնում մեր անդամակցության գործընթացին, եւ մեր կուսակցաշինարարական աշխատանքները նոր թափ են ստանալու: Մենք, բնականաբար, նպատակ ունենք էլ ավելի ամրացնել Հանրապետական կուսակցությունը եւ գալիք ընտրություններում ամրապնդել մեր դիրքերը:
– Հանրապետականում այլոք են զբաղվում մարզային աշխատանքներով:
– Մենք Հանրապետական կուսակցությունում նոր մշակույթ ենք ներդնում. տեղյակ եք, որ կիրակի օրը տեղի է ունենալու տնտեսական կոնֆերանս, սա էլ նոր երեւույթ է. տեղյակ եք, որ մենք համագործակցում ենք ՌԴ «Եդինայա Ռոսիայի» հետ, համագործակցում ենք Եվրոպայի Ժողովրդական կուսակցության հետ, եւ այդ համագործակցության շրջանակում տեղի է ունենում փորձի փոխանակում, եւ այն դրականը, որ կա, մենք տեղափոխում ենք նաեւ Հանրապետական կուսակցություն:
– Ի՞նչ է կատարվում կոալիցիայի ներսում, փլուզման մասին խոսակցությունները ինչպե՞ս կգնահատեք:
– Առաջին կարեւոր սկզբունքային հարցը հետեւյալն է. Հանրապետական կուսակցությունն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները, որը քաղաքական դաշտի առանցքն է, եւ իր այդ դիրքը Հանրապետական կուսակցությունը ոչ միայն պահպանելու է, այլեւ զարգացնելու է: Հուշագիրը, որ մենք ստորագրեցինք փետրվարին՝ մեր կոալիցիոն գործընկերների հետ, այդ սկզբունքը հստակ ֆիքսել է: Մենք համախմբված ենք հանրապետության նախագահի շուրջ, մենք մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում, եւ դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք բարձրացնել մեր հեղինակությունը: Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ ՀՀԿ-ն է այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական ֆորմատը, նոր քաղաքական դաշտը: Այն կուսակցությունները, որոնք կհամագործակցեն մեզ հետ՝ կշահեն, որոնք չեն համագործակցի՝ իրենց գործն է: Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, իրենք չարաչար սխալվում են՝ թերագնահատելով մեր հնարավորությունները: Հանրապետական կուսակցությունն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է ՀՀ-ում, եւ նա ոչ միայն պահպանելու է, այլեւ ուժեղացնելու է իր դիրքերը: Այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին, մեր հանրությանը: Մեր հստակությամբ, մեր կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով, ինչպես հանրապետության նախագահն է նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցելու համար: Ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված ենք՝ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ:
– Կարծում եք՝ կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպաստո՞ւմ է Հանրապետականի վարկանիշի բարձրացմանը:
– Մեր կուսակցությունը եւ մեր կառավարությունն անում են առավելագույնը, որպեսզի ապահովվի մեր երկրի բնականոն սոցիալ-տնտեսական զարգացումը: Ես համոզված եմ, որ կատարել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ զերծ պահելու համար մեր հասարակությունը ցնցումներից, եւ դա մեզ հաջողվել է: Մենք կուտակել ենք այնպիսի պաշարներ, որպեսզի ի վիճակի լինենք հաղթահարելու նոր մարտահրավերները, նոր վտանգները, նոր ռիսկերը:
– Պարույր Հայրիկյանը երեկ շատ հնարավոր համարեց ՀՀԿ-ին միանալը, մյուս կողմից՝ մամուլում լուրեր են գրվում, որ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, հնարավոր է, ՀՀԿ համամասնական ցուցակով մտնեն խորհրդարան: Այս երեք գործիչները ի՞նչ կարող են տալ Հանրապետականին:
– Դուք տվեցիք երեքի անունը, ես կարող եմ տալ եւս առնվազն տասնյակ հայտնի քաղաքական գործիչների անուններ, որոնք պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ, եւ մենք նույնպես պատրաստ ենք նրանց հետ համագործակցել, որովհետեւ մեր թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ Հանրապետականը համախմբող կուսակցություն է, եւ եթե կան մարդիկ, որ պատրաստ են մեր երկրի ապագան կառուցելու գործում մեզ հետ համագործակցել, մենք նույնպես պատրաստակամ ենք այդ գործում: Եվ դրանով է պայմանավորված, որ ՀՀԿ-ն, խորհրդարանում ունենալով մեծամասնություն, այնուամենայնիվ, ստեղծեց կոալիցիա, հրավիրեց ոչ կուսակցական նախարարներ, գործիչներ: Այս սկզբունքային գործունեությունը մենք շարունակելու ենք, եւ ՀՀԿ-ն է լինելու համախմբող ուժը:
– Կարծում եք՝ նման լուսանցքային գործիչները կարո՞ղ են բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը:
– Դուք չէ, որ պետք է գնահատական տաք, թե ով է լուսանցքային կողմը կամ այս կողմը, հանրությունն է տալիս գնահատականը ընտրությունների միջոցով, եւ մենք էլ մեր ցուցակը ձեւավորելիս հաշվի ենք առնում հանրության վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Իսկ այն ազգանունները, որ դուք հնչեցրիք, քաղաքական գործիչներ են, որոնք ունեն փորձ, ունեն հեղինակություն, անցել են մեծ ճանապարհ:
– Կոտրած տաշտակ ասելով ԲՀԿ-ի՞ն նկատի ունեիք:
– Կարծում եմ՝ նոր առիթ եմ ձեզ տալիս տասնյակ հոդվածներ գրելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31