
Ասպարեզում դեռ երեք մասնակից ունենք՝ կանանց +75 կգ քաշային կարգում Նաիրա Հարությունյանը (նա հանդես է գալու «C» խմբում), Հռիփսիմե Խուրշուդյանը եւ տղամարդկանց գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը: Վերջին երկուսը ծանրամարտում իրենց ծանրակշիռ խոսքն ասել են եւ վստահ ենք, որ Փարիզում էլ անելու են իրենց հնարավորությունների առավելագույնը: Սակայն երկամարտում աշխարհի չեմպիոնի կոչման նրանց ներկայիս շանսերը, անկեղծ ասենք, այնքան էլ մեծ չեն՝ մրցակիցներն են շատ ահեղ: Հռիփսիմեն, որ նախնական հայտով պատվիրել է երկամարտի 287 կգ, պայքարելու է մրցակցությունից դուրս համարվող ռուսաստանցի Տատյանա Կաշիրինայի (պատվիրել է 300 կգ) եւ չինացի Լուլու Ժուի (315կգ) հետ: Տարբերությունն ակնհայտ է եւ միայն նրանց ձախողման դեպքում, ինչը գրեթե անհավանական է, կարելի է փայփայել ոսկու հույս: Ինչ վերաբերում է Ռուբենին, նա էլ գրեթե նույն վիճակում է, թեեւ բացառված չէ, որ պայքար մղի փոքր ոսկիներից մեկի համար:
Աշոտ Հակոբյան



















































