«Նորաշեն 2007»-ի տուժած բնակիչները հույսը նախագահի հետ են կապում
Երեկ «Առավոտ» օրաթերթին «Նորաշեն 2007» կոոպերատիվի մի խումբ բնակիչներ փոխանցեցին նամակ՝ հասցեագրված ՀՀ նախագահին: Բաց նամակում նրանք, մասնավորապես, նշում են. «Մեծարգո նախագահ, Ձեզ ենք դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով տուժող ճանաչված քաղաքացիներս: Ձեզ ուղղված մեր նամակով խնդրում ենք ձեր միջամտությունը՝ մեր վերջին լումաների ներդրման հաշվին Երեւան քաղաքի Գ. Չաուշի 14/3 հասցեում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի մեր բնակարանները մեզ վերադարձնելու գործում:
Հարգելի պարոն նախագահ, օգտվելով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարների՝ ֆինանս հայթայթելու մեծ ցանկությունից, մի շարք քաղաքացիներ գործի են դրել «պղտոր ջրում ձուկ բռնելու» մեթոդը՝ մեծ գումարներ վաստակելու ակնկալիքով: Դրանցից մի մասին հաջողվել է գումարներ վաստակել՝ մարդկանց դժբախտության ու ծանր կացության մեջ դնելու հաշվին: Նրանք բարձր տոկոսով գումարներ տալով կոոպերատիվի ղեկավարներին կամ տարաբնույթ մեքենայություններ կիրառելով, որոնք ոչնչով չեն տարբերվում վերը նշված վաշխառության մեթոդից, ընդհանուր առմամբ 1 տարում տիրացել են մոտ $1500000-ի:
Այդ մարդկանց շարքերը, ցավոք, համալրել են նաեւ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ, եվրոպական հեղինակավոր կառույցում մեր երկիրը ներկայացնող Հերմինե Նաղդալյանն իր ամուսնու՝ Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի հետ: Տիկին Նաղդալյանի եւ նրա ամուսնու «ախորժակը» գրգռել է նրանց ընկեր, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյանը, որն օգտվելով կոոպերատիվի ղեկավարների անզոր վիճակից ու «իրավաբանական անգրագիտությունից», հաջողացրել էր կարողությունն ավելացնել՝ համտեսելով տոկոսի կաթսայից համեղ պատառներ: Նույն Ռազմիկ Ավագյանն այսօր տիրացել է մեր շենքի 102,9 քմ մակերեսով՝ Ռուզաննա Զարգարյանին եւ Կարինե Պողոսյանին պատկանող բնակարանին: Իր իսկ ֆինանսական հարցերը լուծելու համար այս գործի մեջ է ներքաշել Հերմինե Նաղդալյան եւ Դավիթ Բեգլարյան ամուսիններին՝ միջնորդ հանդիսանալով նրանց եւ կոոպերատիվի ղեկավարների միջեւ՝ ստանալով առյուծի իր բաժինը:
Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը կոոպերատիվի ղեկավարներին վաշխի ձեւով տված $300 000-ի դիմաց, որպես վաշխի ու մայր գումարի վերադարձի երաշխիք, իրենց հարազատների անուններով 14 բնակարանների նկատմամբ ձեւակերպել են սեփականության իրավունք: Այդ բնակարաններից օրինական տերերին է վերադարձրել 6-ը՝ այն էլ խոշոր գումարների դիմաց:
Ընչազուրկ դարձած քաղաքացիներից 7 հոգու հետ հարգարժան տիկնոջ վերջին հանդիպումը կայացել է շուրջ 6 ամիս առաջ՝ Ջրվեժում գտնվող արտադրամասում: Հենց այնտեղ էլ նա դիմեց մեզ՝ հորդորելով այսուհետ ոչ մի պարագայում եւ ոչ մի տեղ իր անունը չշոշափել: Միեւնույն ժամանակ ասելով. «Դրանք ձեր բնակարաններն են, ինձ պետք չեն»: Այնուհետեւ խոստացավ, որ մեր լռության դեպքում մոտ 1 ամսվա ընթացքում բնակարանները կվերադարձնի: Մենք կատարեցինք մեր խոստումը եւ համբերատար լռեցինք՝ սպասելով ոչ թե մեկ, այլ շուրջ 6 ամիս: Այդ ընթացքում տիկին Նաղդալյանն ու իր ամուսինը, պարբերաբար հանդիպելով յուրաքանչյուրիս հետ առանձին կա՛մ մեծ գումար էին պահանջում բնակարանի դիմաց, կա՛մ չնչին գումար առաջարկում՝ բնակարանից հրաժարվելու համար: Այսպիսով՝ «փափուկ բարձ» դնում մեր գլխի տակ եւ մոլորության մեջ գցելով ճանապարհում: Արդյունքը եղավ այն, որ պատգամավորը ներկայումս հայտարարում է, որ «թուրք գյուլլող» կնոջ համար բարոյական պարտություն կհամարվի «հենց այնպես» բնակարանները վերադարձնելը:
Մեծարգո պարոն նախագահ, չենք ուզում հավատալ Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, որ բնակարանները «հենց այնպես» չվերադարձնելու համար ինքն ունի ՀՀ նախագահի «դաբրոն»: Ինչու՞մ է մեր մեղքը, երբ մենք կնքելով նախնական եւ նախավճարի պայմանագրեր, նաեւ նոտարական վավերացմամբ, ցանկացել ենք գրանցել մեր իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, սակայն մերժում ենք ստացել: Իսկ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, փոխարեն Ազգային ժողովում իր օրինաստեղծ աշխատանքի շնորհիվ լրացներ օրենքի բացը, ինքն իսկ օգտվում է այդ բացից եւ «իրենով» անում մեր բնակարանները:
Մենք բոլորս հավատում ու վստահում ենք ձեզ, ու խնդրի հետագա ճակատագրի՝ արդարության ամբողջական վերականգնմանը: Մեր բոլոր հույսերը կապում ենք ձեզ հետ՝ վստահաբար, որ հուսախաբ չենք լինի: Հավատացած ենք, որ խնդրի ճիշտ լուծումն ու արդարադատության իրականացումը կարեւորվում է նաեւ այն տեսանկյունից, թե որքանո՞վ մեր հանրապետությունում հետագայում հեռանկար կունենա բնակարանային շինարարությունը»:
Գեւորգ Չաուշի 14/3 շենքի
մի խումբ բնակիչներ
«Առավոտ» օրաթերթ


















































