ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեություններից խուսափելու նպատակով մեր երկրում կներդրվի շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կկազմակերպվի պետական վիճակախաղ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» կանադական կորպորացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրել են պայմանագիր, ըստ որի՝ կորպորացիան Հայաստանի Հանրապետությանը անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ: Ըստ նույն աղբյուրի, այդ համակարգը hամակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն է, որը հավաքագրում եւ ֆինանսների նախարարությունում գտնվող կենտրոնական սերվերին փոխանցում է տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալներն ու գործողությունները եւ տրամադրում բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները եւ հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: