
«Առավոտի» հետ զրույցում արձագանքելով ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությանը, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծիք հայտնեց, թե մեր ժողովրդի, իրատես մարդու ցանկությունն այն է, որ իր երկիրը տեսնի բարգավաճող, ու այդ առումով, ինքը, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունն ուզում է հասկանալ այդ համատեքստում: Բայց Բոստանջյանը նաեւ պնդեց. «Ես կարող եմ հստակ եւ առանց չափազանցության ասել, որ ընդհանրապես կոալիցիայից դուրս գալու հնարավորության եւ կամ ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ խոսակցություններ ԲՀԿ-ում, գոնե, ես չեմ լսել: Ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքական ուժերի համագործակցությանը՝ բնականաբար, ես պիտի ողջունեմ, եւ ես իրավունք չունեմ չողջունելու այնպիսի համագործակցությունը, որն ուղղված պետք է լինի մեր երկրի հաջողությանը, զարգացմանը»:
Այսուհանդերձ, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե Կոնգրեսի, ինչպես որեւէ ուժի հետ համագործակցությունը, միանալ-չմիանալը կամ դուրս գալը ակնթարթային որոշման արդյունք չի կարող լինել եւ «բնականաբար, մեկ մարդու կայացնելիք որոշում չի»: «Այդպիսի որոշում պետք է ընդունի քաղաքական ուժի խորհուրդը, որն իմաստավորում ու գնահատում է համագործակցության բոլոր կողմերը: Այդ առումով ես հակված եմ ձեռնպահ մնալ այդ երեւույթի մեկնաբանությունից՝ սպասելով, որ մեր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող չանդրադառնալ այդ առաջարկություններին, խոսքերին ու մոտեցումներին»,- հավելեց ԲԿՀ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:


















































