Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդների հարցն անլուծելի է թվում

Դեկտեմբեր 09,2011 11:16

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելանին՝ ասելով, որ Հայ ազգային կոնգեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվեն նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ում ներդրված ավանդները։ Միաժամանակ ՀԱԿ-ի մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը։ Հետեւաբար, ՀԱԿ-ը ցանկանում է ստանալ համապատասխան տեղեկություններ վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:

 

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքի ընդդիմության այս առաջարկին, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է երբեւէ լուծել ավանդների հարցն այնպես, որ մարդիկ գոհ մնան։

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժառանգություն»-ը քանի տարի շարունակ ոչ միայն բյուջեում փորձել է ավելացնել ավանդների վերադարձման գումարները, այլեւ տարբեր առաջարկություններ է արել։ Ավանդները վերադարձնել ըստ Էության նշանակում Է տալ բոլորին, թեկուզ եւ ժամանակացույցով, բայց մենք պատասխան ենք ստացել, որ իրենք ավանդների փոխհատուցում չեն տալիս, պարզապես այդ ավանդների դիմաց զումարի չափով օժանդակություն են տալիս սոցիալապես անապահով ավանդատուներին ու վերջ։ Նույն բանը գրելու են ՀԱԿին։

Ստյոպա Սաֆարյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Թե ինչ կպատասխանի կառավարությունը, պարզ է, նմանատիպ հարցադրում հնչել է նաեւ խորհրդարանական ընդդիմության կողմից։ Արդեն 3-4 տարի Է, եթե չեմ սխալվում, նման քվորում կա, որ ավանդները պետք է աստիճանաբար վերադարձվեն։ Այն, որ Լեւոն Զուրաբյանը հարցադրումը ներկայացրել է կառավարությանը, ինքնին պարզ է, որ նախընտրական ժամանակաշրջան Է, եւ նա հիշեց այդ մասին, թեպետ կարող էին նախորդ 3-4 տարիների ընթացքում նմանատիպ հարցադրումով հանդես գալ։ Չեմ կարծում, որ սա լուրջ մտահոգություններից ելնելով է, որ պետք է ժողովուրդն էլ գոհ մնա, ընդամենը պետք է ժողովուրդը հասկանա, որ այս ժամանակահատվածում տարբեր քաղաքական ուժեր շահարկելու են այս խնդիրը եւ նմանատիպ սոցիալական այլ խնդիրներ, որպեսզի որոշակի դիվիդենտներ հավաքեն։

Հովհաննես Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների մասին տեղեկություն Լեւոն Զուրաբյանը կարող է գտնել ցանկացած տեղ, որովհետեւ հարցի վիճակը ոչ մի կերպ չի փոխվել՝ սկսած 90-ական թվականներից մինչեւ այսօր, ինչ ավանդներ եղել են, դրանք էլ մնացել են. ոչինչ չի փոխհատուցվել, գրեթե ոչինչ։ Ավանդների վերադարձումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսական զարգացման, ճգնաժամի հաղթահարման եւ այլ խնդիրների հետ։ Քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել, խոսել ավանդների վերադարձի մասին կլինի ուղղակի պոպուլիստական։

Վահան Շիրխանյան

«Հնչակյան» կուսակցության անդամ

 

Պատրաստեց Նաիրա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031