Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. Հանրապետականը տապալվել է, ուրիշ ուժեր պետք է գան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2011 15:22 Share

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին ընտրությունների,  ընտրակաշառք բաժանելու, քաղաքական, տնտեսական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանելով «Կառավարության պատասխանատվության մասին» ՀՅԴ հարցապնդումը՝ ԿԲ նախկին նախագահը նշեց, որ «կիսատ-պռատ» բաներ անելը ՀՅԴ-ի մոտ բնավորություն է դարձել. «Այդպես էլ ոչինչ հստակ չի ասվում: Կողմ ըլլալով, դեմ ըլլալ… Սա է: Հրաժարականի հարց է դրվում ոչ թե հստակ անհատների վերաբերյալ, այլ քաղաքական ինչ-որ հատվածի: ՀՅԴ-ն և՛ անում է, և՛ ոչ»:

Պարոն Ասատրյանն իր վրդովվմունքը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների նկատմամբ ՀՀ նախագահի կոպիտ պատասխանի վերաբերյալ: Մ. Բադեյանը ինչպես այս, այնպես էլ լրագրողների մի շարք հարցերից տեղյակ չէր եւ զարմացած հարցնում էր՝ «Ի՞նչ առաջարկներ, չգիտեմ»:

Տիգրան Սարգսյանի այն պատասխանին, թե մեր երկրում քաղաքական ճգնաժամ չկա, որ Կառավարութունը հրաժարական տա, Բագրատ Ասատրյանը չհամաձայնեց. «Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր քաղաքական ճգնաժամ է: Նախագահը, այս կամ այն ուժը եկել են կոնկրետ ծրագրով: Դրեք, թվերը համեմատե’ք, ճիշտ հակառակն է՝ մեզ խոստացել են, որ այս 5 տարիների ընթացքում լավ պիտի ապրեինք, 3-4 տարիների ընթացքում ծայրահեղ աղքատների թիվը կրկնապատկվել է: 2008 թվականից ավելի վատ վիճակում ենք գտնվում: Իհարկե, ճգնաժամը առկա է, եւ եթե հրաժարականի պահանջ էր դրվում, հանուն մեր երկրի էր՝ նաեւ այն մարդկանց համար, որոնք իշխանության մեջ են: Պարոն Բադեյանին ընդունում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց այն կեցվածքը, որ ինքն ընդունում է, շապիկը, որ հագել է, իմ սրտով չի, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը տապալել է եւ պետք է ուղղակի հարթակից դուրս գա, ուրիշ ուժեր պետք է գան: Կա՛մ պետք է զարգանանք, կա՛մ պետք է դոփենք տեղում: Այս ուժն ասում է` դոփենք»:

Պարոն Բադեյանը հակադարձեց եւ սկսեց համեմատել այն ժամանակաշրջանը, երբ Բ. Ասատրյանն էր իշխանության: «Ցույց տվեք մի երկիր, որի ցուցանիշներն ավելի լավն են, քան նախաճգնաժամային շրջանում»: Բ. Ասատրյանը նշեց, որ օրինակները բազմաթիվ են՝ օրինակ Վրաստան, Ադրբեջան եւ անվիճելի է, թե համաշխարհային տնտեսության ծավալները նախաճգնաժամայինից ավելի բարձր են:

Մ. Բադեյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա. «Որտե՞ղ եք դուք տեսնում խոշոր քաղաքական բախումներ, ընդհակառակը՝ հենց Բագրատ Ասատրյանի ասելով դրական է գնահատվում նրանով, որ մեղմացվեց հարաբերությունները»: Պարոն Ասատրյանը ընդհատեց. «Մարդիկ թողնում են, էս երկրից գնում են, էս ա ողբերգությունը, իհարկե’ քաղաքական ճգնաժամ է»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031