Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջված գազելի վարորդը հիվա՞նդ է եղել ու քնե՞լ

Դեկտեմբեր 22,2011 18:58

Հայտնի է, որ երեկ Լանջիկ-Մարալիկի ճանապարհահատվածում շուռ էր եկել մայրաքաղաքից Գյումրի երթեւեկող «Տիգրան ՍՊԸ»-ի միկրոավտոբուսը, որի հետեւանքով 10 ուղեւորներ վնասվածքներ էին ստացել, իսկ 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը մահացել: Տուժողներին դեպքի վայրից պատահական ու շտապօգնության մեքենաներով տեղափոխել էին նախ Մարալիկի ու Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետեւ Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:

Այսօր այցելելով վերոհիշյալ բուժհաստատություն` մենք նոր մանրամասներ ճշտեցինք վիրավորների առողջական վիճակի ու պատահարի մասին: Հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը փոխանցեց, որ երեկ ժամը 17.00-18.00 սահմաններում, իրար հետեւից հիվանդանոց են տեղափոխել 11 վիրավոր, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր են եղել: Ըստ բժշկի, մեկի կյանքը փրկել հնարավոր չի եղել, իսկ մյուսինը, որը ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, գլխի տարածուն վերքեր ու գանգի բաց կոտրվածք՝ այժմ վիրաբուժական բաժանմունքում է, արդեն գիտակցության է եկել ու կարողանում է կոնտակտի մեջ մտնել: Տուժողներից մեկը երեխա է, որը ստացել է գանգուղեղային վնասվածք` ճակատային շրջանի չճղված տարածուն վերքերով, նրան գիշերը վիրահատել են:

հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը

Երեք հոգի էլ ստացել են ամբուլատոր օգնություն ու գնացել տուն: Այժմ, ըստ բժիշկ Կարապետյանի, 11 հիվանդներից իրենց մոտ գտնվում են 7-ը, ամենայն հավանականությամբ նրանցից 3-ին այսօր կամ վաղը դուրս կգրեն: «Մյուս 4-ի վնասվածքները համեմատաբար ծանր են, մեկն ամրակի կոտրվածք է ստացել. վիրահատության կարիք ունի, մոտ օրերս կվիրահատենք»:

Հիվանդանոցի տնօրենը նաեւ ասաց, որ վարորդ Գագիկ Նիկոլյանն իրենց չի դիմել, ուղղակի խոսակցություններ է լսել այն մասին, որ վերջինս վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում:

Ի դեպ, բժիշկը նաեւ տեղեկացրեց, որ չկա մի օր, որ իրենք ավտովթարից կամ պատահարից տուժածների չընդունեն:

Մենք եղանք նաև տուժողների հիվանդասենյակում:Նրանցից մեկը` վիրահատության ենթակա տարեց մի կին, որը շատ էր խնդրում իր անուն-ազգանունը չհրապարակել, ասաց, որ վարորդը բավականին ծանր հիվանդ է եղել, անընդհատ քիթն է ֆսսացրել, գլուխն է բռնել, այդ պատճառով էլ միկրոավտոբուսը շուռ է եկել: «Որ ասում են, թե ճանապարհին մերկասառույց է եղել, հեչ էլ այդպես չէր, դեպքը տեղի է ունեցել Լանջիկի ու Մարալիկի արանքում, ամբողջ ճանապարհին մառախուղ էր, աչք աչքի չէր երեւում, բայց Մարալիկ չհասած` պայծառ արեւ բացվեց, այսինքն՝ լավ պրծանք: Մեկ էլ գազելը 3 անգամ պտտվեց, շուռ եկավ ու կանգնեց, չեմ էլ հիշում լուսամուտից եմ դուրս ընկել, թե դռնից, միայն գիտեմ, որ մի կին մահացած վրաս էր ընկած»-, պատմում էր տուժողը:

7-ամյա Մանե Խաչատրյանի մայրն էլ ասաց, որ իր աչքով է տեսել, թե ինչպես էր վարորդը ակնոցներն աչքերին դրել ու ճանապարհին քնել: «Միգուցե ճնշումն էր բարձրացել, մարդ է էլի, չգիտեմ, հո ինքը չէր ուզում, որ էսպես լինի: Բայց կողքին նստած մարդը, տեսնելով, որ վարորդը քնում է՝ բղավեց` էս մարդը աչքը կպցրել է: Այնուհետեւ ոչինչ չեմ հիշում, ուշաթափվել էի»:

Երեխայի պապի պատմելով էլ, Մանեն արյունաշաղախ վիճակում ընկել է մոր կրծքին, պատահական ուղեւորները նրանց տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց, այնուհետեւ բերել Գյուլբենկյան` վիրահատելու: Պապիկը դժգոհում էր, որ ուղեւորի կյանքն այս երկրում դարձրել են խաղալիք, գծատերերին այնպիսի արտոնություններ են տալիս, որ նրանք ոչ վարորդների առողջական վիճակն են ստուգում, ոչ էլ մեքենաների տեխնիկական վիճակը: «Լրիվ անարխիա են դարձրել: Վերջը չի կարելի, դեպքեր դեպքերի հետեւից են տեղի ունենում, մի բուռ ժողովուրդ ենք մնացել, էն էլ էսպես ենք վարի գնում»,- դժգոհում էր մեր զրուցակիցը: Տուժողները վստահեցնում էին, որ վարորդը եղել է պրոֆեսիոնալ, ամբողջ ընթացքում նորմալ արագությամբ է վարել:

Շիրակի մարզի քննչական բաժնից մեզ տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով, այն է ճանապարհային պատահար` մահվան ելքով: Նշանակված է դատատեխնիկական փորձաքննություն. ուսումնասիրում են միկրոավտոբուսի տեխնիկական վիճակը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031