Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սարկոզին ձգձգեց օրինագծի վավերացումը

Փետրվար 01,2012 21:49

Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը մերժի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա ինքը նոր օրինագիծ կդնի շրջանառության մեջ: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որն էր Սարկոզիի կողմից օրինագծի ստորագրումը ձգձգելու պատճառը, եւ ի՞նչ որոշում է ակնկալում ինքը Սահմանադրական խորհրդից: «Մեկ ծայրահեղությունն ասում է, որ սա ընդամենը խաղ է Սարկոզիի կողմից, եւ ինքը փորձում էր ինչ-որ տեղ ե՛ւ հայերին սիրաշահել ե՛ւ ինչ-որ տեղ Թուրքիային, մյուս կողմն ասում է, որ սա ընդհանրապես կարգ է, սովորություն, որ նախագահները սպասեն 15 օրվա ժամկետը սպառի, որպեսզի ամեն ինչ հանգիստ լինի, այսինքն ով որ պետք է բողոքեր, բողոքի: Օրինակ 2001 թվականի օրենքը եւս այն ժամանակվա նախագահ Շիրակը ստորագրել է 15-րդ օրը»,- պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է Սարկոզիի վերջին հայտարարությանը, Կ. Մանոյանն ասաց. «Ճիշտ է, տարբեր կարգով եւ տարբեր ժամանակահատվածում օրենքն էլ կարելի է Սահմանադրական խորհրդի մոտ վիճարկել, այսինքն ով որ պետք է բողոքեր, չհասցներ բողոքել մինչեւ ստորագրությունը, այլ ճանապարհ կա բողոքարկելու սահմանադրականության հարցը: Ճիշտ չի լինի եզրակացնել՝ ճիշտը որն է: Հնարավոր է, որ կարող է այդ ամբողջ գործընթացին ինքը (Նիկոլա Սարկոզին- Լ.Խ.) մասնակից եւ ականատես չլինի, որովհետեւ դրանից հետո խորհրդարանը չի գումարվի, նայած՝ ով կընտրվի, բայց այսօր ուզեցել է ասել, որ եթե նույնիսկ սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչի, ինքը նորից օրինագիծ կմտցնի: Որոշ տվյալներով, արդեն ոմանք մտայնություն ունեն, բայց մյուս կողմից կան որոշ հնարավորություններ՝ փորձելու ճիշտ հունի մեջ դնել սահմանադրական խորհրդի եզրակացությունը: Դրա համար հիմա Ֆրանսիայի հայ համայնքն աշխատում է եւ կարծում եմ առաջիկա օրերին, շաբաթներին բավական լարված, հետաքրքրական օրեր կլինեն»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի վաղ գրեթե կասկած չկար, որ նախագահը կվավերացնի օրինագիծը, Կ. Մանոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինքը մտավախություն ունե՞ր, որ օրինագծի ստորագրումը նման հետեւանք կարող էր ունենալ: «Կասկած, որ հավանականությունը մեծ է, թե նման բան լինի, անկեղծ ասած՝ ոչ»,- ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն այսօր մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Սահմանադրական խորհրդում Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը չստորագրելու կամ Սահմանադրական խորհրդի բացասական որոշման պարագայում Սարկոզին շատ ավելի մեծ հարված կստանա իր հեղինակության իմաստով: Կիրո Մանոյանն այս առնչությամբ ասաց. «Քաղաքական իմաստով պարզ է, որ եթե նախագահը ինչ-որ օրինագծի կողմ է, ինքը ինչ-որ պահի նախաձեռնել է ինչ-որ գործընթաց, եւ այդ բոլորը վերջում հակասահմանադարական ճանաչվի, պարզ է, որ հարցականի տակ կդնեն հեղինակությունը, մեղմ ասած, բանիմացությունը»:

Նմանատիպ կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը. «Սարկոզին միանշանակ իր անունը կապեց այդ բանաձեւի հետ, եւ եթե բանաձեւը մերժվում է, նա, իհարկե, ֆրանսիացիների եւ ամբողջ աշխարհի աչքերում հեղինակազրկվում է, եւ դա կարող է անդրադառնալ նաեւ առաջիկա ընտրություններում իր վարկանիշի վրա»:

Ռ. Սաֆրաստյանի կարծիքով էլ, որոշ սենատորներ հետեւեցին թուրքական դիվանագիտության խաբկանքներին ու գնացին այն քայլին, որ սահմանադրական խորհուրդը հարցը քննարկի: «Այստեղ կարեւորն այն պետք է լինի, որ ֆրանսիական սահմանադրական խորհուրդն ինքն օբյեկտիվ լինի եւ չփորձի նորից ընկրկել Թուրքիայի առջեւ: Մանավանդ եթե այս օրինագիծը մերժվի, կնշանակի, որ պետք է մերժել նաեւ հրեաների հոլոքոստը քրեականացնող օրենքը»,- եզրափակեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829