Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաները սոցիալական ապահովագրությունից չեն օգտվի

Փետրվար 02,2012 16:34

Եկող շաբաթվանից կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքացիական եւ պետական 120 հազար ծառայողներ կունենան սոցիալական փաթեթներ. այս մասին այսօր ասաց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Փաթեթը ներառում է բժշկական ապահովագրություն, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, կրթության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, ինչպես նաև փաթեթից օգտվողների հանգստի կազմակերպում ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Բժշկական ապահովագրության տրամադրումն էլ ենթադրում է տարին մեկ անգամվա պրոֆիլակտիկ զննում:

Նախարարի խոսքերով՝ բժշկական ապահովագրության համար սահմանված բազային գումարը 52 հազար դրամ է, սակայն մեկ տարվա ընթացքում շահառուները կարող են ստանալ 3 մլն 800 հազար դրամի բժշկական ծառայություն: Այդ գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունները պետք է փոխհատուցեն բժշկական սովորական խորհրդատվությունից մինչեւ սրտի վիրահատության ծախսերը:

Կադրերի ռեզերվում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա այս փաթեթը չի տարածվում:

Եթե աշխատակիցը ձեռք է բերել ապահովագրության սետիֆիկատ, բայց մի քանի ամիս հետո դուրս է եկել աշխատանքից, ըստ նախարարի, սերտիֆիկատը չպիտի վերադարձնի:

Վաչե Գաբրիելյանի խոսքերով, այս սոցիալական փաթեթներից կարող են օգտվել նաեւ շահառուի ընտանիքի անդամները, բայց ինչպես նախարարն ասաց, դա չի վերաբերում տատիկ-պապիկներին, հորքուր-մորքուրներին: Այսինքն՝ փաթեթ ունեցողի կինը կամ ամուսինը եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած երեխաները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829