Լրահոս
Օրվա լրահոսը

Դատում են Վարդգես Գասպարիին

Փետրվար 06,2012 17:22

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարության դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ «Սարգսյան, խուլիգան» անվանած ՀԱԿ ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիի գործը:

Դատավոր Մխիթար Պապոյանը նախ ծանոթացավ Գասպարիի անձնական տվյալներին, որից հետո պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ` բացարկ ներկայացնելու դատախազին: Ըստ պատասխանող կողմի, քննիչը պարտավոր էր գործով վկաներից վերցնել ցուցմունքներ, ինչը չի արել, իսկ ցուցմունքների մի մասն էլ չեն ներկայացվել մեղադրական եզրակացության մեջ: Վարդգես Գասպարին հայտարարեց, որ քննիչ Ա. Մանուկյանը մեղադրական եզրակացության մեջ թաքցրել է գործում առկա քաղաքացիներ Լալա Ասլիկյանի, Լենա Նազարյանի, Սոնա Այվազյանի ցուցմունքները, չի հարցաքննել սույն գործով վկաներ Լեւոն Բարսեղյանին, Արթուր Սաքունցին եւ Զարուհի Փոստանջյանին: Ըստ Գասպարիի, քննիչ Ա. Մանուկյանը խուսափել է նաեւ անդրադառնալ լրատվամիջոցների հրապարակումներին: «Վերահսկող դատախազը նույնպես աչք է փակել քննիչի ստելու հանգամանքի վրա եւ ակնհայտորեն թաքցրել է հանցագործությունը»,- նշեց Վարդգես Գասպարին` բացատրելով, թե ինչու է ինքը գոռացել «խուլիգան», «հանցագործ»: Ըստ նրա, Ալիկ Սարգսյանը հրել է ցուցարարներից մեկին եւ պատռել պաստառը:

Պաշտպան Ռոբերտ Ռեւազյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալի կողմից ներկայացվածից հետեւում է, որ դատախազի կողմից անգործություն է դրսեւորվել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս գործով դատախազը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել:

Մեղադրող կողմը` դատախազ Արմեն Աֆանդյանը հայտարարեց, որ ինքը համաձայն չէ պատասխանողի հետ, միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման, քանի որ դատավարական որեւէ խախտում չի հայտնաբերվել: Այժմ դատարանը խորհրդակցական սենյակում է` քննարկելու միջնորդությունը, 5.30-ին կվերսկսվի նիստը:

Մանրամասները կներկայացնեք քիչ հետո: 

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829