Փետրվարի 19-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` կոնգրեսական Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ, հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Կոնգրեսական պատվիրակության պատվին Նախագահ Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները և դեսպան Ջոն Հեֆերնը:
Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դրայերն ընդգծեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և կոչ արեց կառավարությանն ու բոլոր քաղաքական կուսակցություններին «անել իրենցից կախված ամեն ինչ` ապահովելու ազատ, արդարացի և վստահարժան ընտրություններ»: Պատվիրակությունը հետաքրքրություն հայտնեց ՀՀ ազգային ժողովի և ԱՄՆ կոնգրեսի միջև կապերի սերտացման վերաբերյալ:
Կոնգրեսականները Հայաստան են ժամանել որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամներ: Այն երկկուսակցական հանձնաժողով է, որի կազմում ներառված են 20 կոնգրեսականներ: Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը հիմնադրվել է 2005թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից` նպատակ ունենալով աջակցել անկախ, ժողովրդավարական օրենսդիրներին: Հանձնաժողովը նպատակ ունի փորձի փոխանակման ծրագրերի, անդամների ու աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների և թիրախավորված նյութական աջակցության միջոցով օգնել գործընկեր օրենսդիր կառույցներին կարողությունների զարգացման հարցում այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են` օրենսդրական վերահսկողությունը, բյուջեի վերլուծությունը, հանձնաժողովների գործունեությունը, ընտրազանգվածի հետ հարաբերությունները, գրադարանային և հետազոտական ծառայությունները: Սա Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկրորդ այցն էր Հայաստան:
Կարդացեք նաև
Պատվիրակության կազմում ընդգրկված են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Դրայերը (հանրապետական, Կալիֆորնիա), Ջեյմս Մորանը (դեմոկրատ, Վիրջինիա), Ջո Վիլսոնը (հանրապետական, Հարավային Կարոլինա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Քենի Մարչանթը (հանրապետական, Տեխաս), Ներկայացուցիչների պալատի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Պատրիկ Կոնրոյը և աշխատակազմի անդամներ:
ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրություն