ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Շաքիում տեղի ունեցած դեպքին։
«Այսպիսի թեմաները քննարկելիս պետք է բոլոր շերտերը հերթով քննարկենք։ Շերտ համար մեկ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն ամենամեծ սահմանն է, որը Հայաստանն ունի։ Նաեւ այն սահմանն է, որը սահմանազատված է մասնակիորեն։ Նաեւ այն սահմանն է, որը խրամատավորված սահման է, այսինքն՝ մի մասում սահմանապահներն են, մյուս մասում՝ զինված ուժերը։ Եվ 1991 թվականից սկսած մշտապես եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողները այս կամ այն պատճառով, ես չեմ խոսում դիվերսիոն դեպքերի մասին, խոսում եմ այն դեպքերի մասին, երբ զինծառայողը պատահաբար կամ դասալիք հանդիսանալով՝ անցել է մյուս կողմը։ Հիմնականում նման դեպքերում, հատկապես վերջին շրջանում, երբ հաստատված է խաղաղություն, կողմերը միմյանց վերադարձնում են իրենց զինծառայողներին»,- ասաց Ռուբինյանը։
Այս դեպքում, նրա խոսքով, դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Ադրբեջանի տարածքում։ «Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետեւ եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին։ Հետեւաբար, լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք նպատակաուղղված, Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ։ Գործ ունենք անհատ զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու հետ, եւ կպարզվի՝ ոնց»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Հաջորդ շերտը, ըստ Ռուբինյանի այն է, որ ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում հանցագործություն է կատարել, դրա համար ձերբակալված է, մեղադրանք է առաջադրված։ Եվ, հետեւաբար, պետք է գործն իր հունով գնա, մեր արդարադատությունն աշխատի։
«Հաջորդ շերտը հետեւյալն է՝ ինչպե՞ս են գործել մեր պատկան մարմիները։ Դա կարելի է քննարկել, կարելի է նաեւ քննարկել հարցը մարտավարական իմաստով՝ արդյոք նման դեպքերում բնակչությանը զգուշացնելն օգտակա՞ր բան է, թե՞ չէ։ Կարող է, օրինակ, զգուշացման դեպքում դրա արդյունքում բնակիչներն իրար վրա կրակեն պատահաբար, որովհետեւ բոլորը մտածում են՝ տարածքում զինծառայող կա»,- նշեց նա։
Ըստ Ռուբինյանի՝ վերջին շերտը խաղաղության շերտն է։ «Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները շատ ուրախ են, որ այս միջադեպը եղել է, որովհետեւ վերջապես իրենց ձեռքում հայտնվել է կռվան, որ ասեն՝ սա՞ է ձեր խաղաղությունը։ Բայց ես ուզում եմ նորից կրկնել՝ տվյալ դեպքում սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ իր զինծառայության վայրն ապօրինի լքած ու ՀՀ տարածքում հայտնված անձն է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ սահմանին խաղաղություն է, Հայաստան-Ադրբեջանին սահմանին չկան կրակոցներ։ Ըստ նրա՝ լիակատար սահմանազատման ու սահմանագծման արդյունքում խրամատավորված սահմանը, որը զինծառայողներն են պաշտպանում, ամբողջությամբ կվերափոխվի սահմանազատված սահմանի, որը կհսկեն սահմանապահները։ Եվ դա կբերի նրա դեպքերի իսպառ բացառմանը, ասաց Ռուբինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































