Լրահոս
Օրվա լրահոսը

Թամամյանի գործով վկաներն էին եկել դատարան

Մարտ 14,2012 13:24

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի եւ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահե Խանզադյանի դեմ հարուցած քրեական գործի դատաքննությունը:

Արմեն Պողոսյանը, որը նախորդ նիստին հրաժարվել էր իր պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Ալվանդյանից, եւ խնդրել, որ իր պաշտպանությունն իրականացնի փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր նորից իր պաշտպանի՝ Արայիկ Ալվանդյանի հետ էր: Վերջինս միջնորդեց, որպեսզի դատական նիստը մեկ օրով հետաձգվի, պատճառաբանելով, թե «անհրաժեշտ է դիրքորոշման հետ կապված ճշտումներ անել»: Դատական նիստի մասնակիցները չառարկեցին եւ դատաքննությունը նշանակվեց վաղը:

Այս նույն դատարանում վաղը նաեւ Ճանապարհային ոստիկանության նախկին պետի եւ մյուսների դատավարությունն էլ է, եւ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի ժամը փոխվի: Մարգար Օհանյանի եւ մյուսների գործով դատաքննությունը ժամը 11.30-ին է, իսկ Հովհաննես Թամամյանի եւ մյուսների գործը նշանակվեց ժամը 15.30-ին:

Ի դեպ, այսօր դատարան էին ներկայացել Հովհաննես Թամամյանի գործով վկաներ Կարինե Շահինյանը, Կարեն Հակոբյանը եւ Արմեն Երիցյանը:

Մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի գործի նյութերին կցվի ՀՀ վերաքննիչ դատարանի փետրվարի 8-ի մեղադրական դատավճիռը: Այն կապ ուներ ամբաստանյալների հետ, քանի որ դատապարտվել են ազատազրկման Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները, Հրաչյա Պետրոսյանը:

Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը պահանջեց այդ դատավճիռը, ասելով, որ այն անհրաժեշտ է իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031