Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Աննա Վարդապետյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

Ապրիլ 29,2026 15:42 Share

Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, ապօրինի գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ, դատարան հանձնված քրեական գործերի 23,8%-ով աճ. գլխավոր դատախազը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Դատախազության 2025 թվականի հաղորդումը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:

Նախքան Հաղորդման մանրամասներին անդրադառնալը՝ մի քանի ամփոփ տվյալներ ներկայացնեմ 2025 թվականին կատարված աշխատանքներից:

Մասնավորապես՝

  • 2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կայացված դատական ակտերով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել, նախնական գնահատմամբ, շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
  • 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Այս վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 21 միլիոն դրամ: Երկրորդ վճիռն, ինչպես գիտեք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝
  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
  • «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝

  • 934 հազար դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
  • 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 58 միլիոն 120 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականին. ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:

Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:

2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:

Քրեական վարույթներով, գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39 միլիարդ 895 միլիոն 845 հազար դրամ»:

Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազ

Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19.877): 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:

«Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: 2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%)»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին. Գլխավոր դատախազ

2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականին դատարաններում քննված և ավարտված` 11.457 անձի վերաբերյալ 10.787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%): Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10.348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ):

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ:

«Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը:

2025 թվականին ավարտված քրեական վարույթների 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, քրեական վարույթներով Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն դրամ. Աննա Վարդապետյան

2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Ըստ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: «Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ, քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ:

Պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաքննական մարմիններում իրականացվող քննությունը, ինչպես նաև Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես նշել է.

«1. Գլխավոր դատախազի 2025 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ս.Ա.-ի նկատմամբ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը և այն հաստատելու մասին հսկող դատախազի վարութային ակտը՝ նկատի ունենալով, որ Ս.Ա.-ին վերագրվող արարքը հանդիսանում է վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով:

2025 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Սաշա Աֆյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին) նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, Ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթից մեղադրյալ Ս.Ա.-ի (ըստ մեղադրանքի՝ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով) վերաբերյալ քրեական վարույթն անջատելու, անջատված քրեական վարույթին համար շնորհելու մասին: Քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

  1. 2025 թվականի նոյեմբերի 24-ին հանրային մեղադրողը դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

2026 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատել է Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի և Ա.Գ.-ի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

  1. 2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով հայցագնի՝ 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա:

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

  1. Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը և նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի ծառայողները՝ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, պարեկապահակակետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ և հրամանով՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույցը՝ Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում՝ գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին:

  1. 2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»։

Գլխավոր դատախազը, անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու հարցին, նշել է. «Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կայացրած որոշման 47-րդ կետում կատարած արձանագրումից հետևում է, որ առնվազն 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում առկա է եղել խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի, այդ թվում՝ պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք:

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի, մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը: Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ անկարգություններ հրահրելու նպատակով, և մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, և որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական՝ եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած բախումներն ամենայն հավանականությամբ եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք: Դատարանն այնուհետև նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների և «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը և զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ:

Վճռի 206-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով, մինչդեռ ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաև նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է՝ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված և կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի, չի եղել Կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազենով, ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում:

Վերոշարադրյալ արձանագրումների և մի շարք այլ տվյալների վերլուծության արդյունքում Վճռի 226-րդ կետում Դատարանը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն և պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության և վերահսկողության բացը, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակների վիճակի և գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրները զգալի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը՝ անվտանգության կանոնների խախտմամբ, ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ:

Վճռի 227-րդ կետում Դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս հինգ անձանց մահերը վերագրելի են պետությանը։

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի», «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռներում ձևավորված դիրքորոշումները հիմք են տալիս կարծիք հայտնել այն մասին, որ մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների քրեաիրավական գնահատականների մասով Դատարանի եզրահանգումները կապվում են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք»: 

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:

Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝

  • անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք,
  • զինվորական պաշտոնեական անփութության 1 դեպք,
  • բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդու մահ առաջացնելու 1 դեպք,
  • կայծակնահարության 1 դեպք,
  • հիվանդության 2 դեպք:

2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված՝ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66,7 %-ով (2024 թվականին՝ 27):

2025 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411.728.063 դրամ (2024 թվականին՝ 1.479.117.389 դրամ), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 108.712.388 դրամը (2024 թվականին՝ 51.935.493 դրամ):

Աննա Վարդապետյանի խոսքով՝ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): «2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ 2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:

2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է: Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս չի ավարտվել: Ամբողջությամբ բավարարված 5 գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466 հազար դրամ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930