Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսերենի դասատուին էլ դպրոցում «Բղիկ» էինք ասում» . Մարդկանց մականունների մասին

Ապրիլ 11,2012 16:04

Պոչկա, Ջեբ, Մուրզո, Մուճի, Չակ, Մուլտ, Չեչեն, Թումո, Չոփ, Պաշ, Վիզ, Կվո, Չղջիկ, Փիղ, Հարթուկ, Լիս, Սորտ, Քրմո, Շոպ, Ճապ, Քիթ… այս բառերը թող ամենևին էլ տարօրինակ չթվան. սրանք մեր հասարակությունում տարածված մականուններից մի մասն են:

«Մականունները մեծ տարածում ունեն հատկապես երիտասարդների շրջանում: Հաճախ ծագում են մարդկանց արտաքինի, կառուցվածքի, հասակի, հագուստի նմանողությամբ: Դրանց առաջացման մեծագույն օգնականներ են նաև մարդկանց բնավորությունների որոշակի գծերը, հետաքրքրությունները և այլն: Դեռահասները և երիտասարդները, իրենց նոր ծանոթություններից ստանալով թարմ տպավորություններ, անմիջապես դրա մասին հաղորդում են իրենց շրջապատին, հասակակիցներին, և վերջիններս ցույց տալու համար, որ հասկանում են իրենց ընկերոջը,  փորձում են հապշտապ իրավիճակը կամ մարդուն բնութագրող բառ հորինել, և ստացվում է նոր մականուն»,-մեկնաբանում է հոգեբան Լիլիթ Գրիգորյանը:

«Ինձ «Սամալյոտ բռնող» էին ասում՝ այդ տարիքում ուրիշներից բոյով լինելու պատճառով: Դե ես ել ընկերներիցս հետ չմնալու համար  երկուսին, որ շատ պուճուր էին, մեկին Ճուտ էի ասում, մյուսին էլ՝ Բլոճ: Ու բոլորս էլ մեր անուններն ունենք»,-ասում է 25-ամյա Կարենը:

Մականուններ կամ, ինչպես ընդունված է ասել՝ «ածականներ կնքելու» սովորույթ կա բոլոր դասարաններում, կուրսերում: Դա հաճախ լեզվաբանների կողմից ստանում է «ուսանողական» կամ «դպրոցական» ժարգոն անունը: Եթե դպրոցահասակ երեխանները հաճախ սահմանափակվում են իրենց դասընկերոջը «կոչում» տալով, ապա ուսանողները նաև «պարգևատրում են» իրենց դասախոսներին:  «Մի տղա կար, որի հետ երկու տարբեր դպրոցներում մի դասարանում էինք սովորում: Ուրեմն մի դասարանում իրան ասում էին «Խարաբ» (բոլորի նյարդերի վրա ազդում էր), մյուս դասարանում էլ «կոպեկ», որովհետև ում տեսնում էր, պարտքով փող էր ուզում: Ռուսերենի դասատուին էլ դպրոցում «Բղիկ» էինք ասում /ազգանունը Բաղդասարյան էր/, դպրոցի տնօրենին էլ  «զայչիկ» էինք ասում, շատ էր նման ախր նապաստակի»,- պատմում է ուսանողուհի Դիանան:  «Մեր կուրսում մի աղջիկ կա, նայում ես դեմքին բթությունը կաթում է, անունը «Տապոր» ենք դրել, մեկն էլ այնքան չար հայացք ունի, որ «վհուկ» ենք ասում, հա իրանք մի հատ էլ «Բազե» ընկերուհի ունեն, բայց դա հապավում է, որի բացատրությունը չեմ ասի»,-ասում է Նարինեն:

Մականունները կամ «nickname»-երը մեծ տարածում ունեն նաև ինտերնետում: Այս դեպքում ոչ թե ինչ-որ մեկն է ստիպված լինում ձեզ համար «նոր անուն գտնել», այլ տարբեր կայքերում գրանցվելիս անհրաժեշտություն է առաջանում անուն գրելու, և, եթե դուք չեք ուզում ներկայանալ ձեր անունով, նոր nickname եք մտածում: «Ինտերնետում ծածկանունները մեծ մասամբ կիրառվում են չաթերում, ֆորումներում, բլոգներում: Հաճախ մարդիկ ընտրում են իրենց անվան կրճատված կամ ձևափոխված տարբերակը կամ նախապատվությունը տալիս են որոշակի հերոսների, մուլտկերպարների կամ սիմվոլիկ անվանումների: Հաճախ էլ այդ «նիկը» դառնում է այցետոմս ինտերնետի ակտիվ բաժանորդների համար, և դրանով նրանց ճանաչում են իրենց վիրտուալ ընկերները»,-բացատրում է սոցիոլոգ Արփի Անանյանը:

Մականունների կիրառման անհրաժեշտությունը առաջացել է մարդկանց անվանակոչման օրվանից, երբ կարիք է եղել տարբերակելու բազմաթիվ Գրիգորներին, Սարգիսներին, Արմեններին և այլն: Դա էլ հիմք է դարձել բազմաթիվ ազգանունների ծագման: «Շատ հաճախ մականունները որոշվել են ըստ մարդկանց ունեցած մասնագիտությունների, օրինակ` բրուտ, ղասաբ, բոստանչի, դարբին և այլ անվանումներ, որոնք կիրառական են եղել պատմական զարգացման տարբեր ժամանակաշրջաններում: Դրանք չեն ունեցել ոչ մի բացասական երանգ և վկայել են միայն մարդկանց մասնագիտության մասին»,-բացատրում է լեզվաբան Անահիտ Հակոբյանը:

Մարդիկ իրենց շրջապատի մարդկանց մականուններ են տալիս հաճախ ծաղրանքի նպատակով: Եթե շատ մականուններ ձեզ ծիծաղելի են թվում, ապա այն կրողի համար կարող է շատ ցավալի և վիրավորական թվալ: Մականուններ հորինելիս պետք է հարգանք ցուցաբերել դիմացինի նկատմամբ: «Որոշ երիտասարդների թվում է, որ իրենց համար «գողական» մականուններ հորինելիս ընդգծում են իրենց «հզորությունը», սակայն  դա շրջապատից տարբերվելու լավագույն մեթոդը չէ: Ձեր անվանը զուգահեռ անուն հորինելիս առաջնորդվեք ձեզ հոգեհարազատ գեղարվեստական կերպարներով, բնության գեղեցիկ երևույթներվ և այլն: Այսինքն՛ ընտրեք անուն դրական լիցքով, դա ամենաուժեղ ազդեցությունը կթողնի շրջապատի վրա»,-խորհուրդ է տալիս հոգեբան Լիլիթ Գրիգորյանը:

Մակ տերմինը նշանակում է վրա, այսինքն մականունը դրվում է ձեր անվան վրա, հետևաբար այն պետք է առնվազն գեղեցիկ լինի, որ բոլորին հաճելի լինի: Մականունները կիրառվել են նաև գրողների /Չարենց, Շիրազ, Մահարի, Սևակ և այլն/ կողմից: Մեծ տարածում ունի այսօր շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ ներկայանալ ծածկանվամբ /Շպռօտ, Լիլու, Ռիփի և այլն/:

Նաիրա Վերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30