Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ներսես Նազարյանի ընկերներն ինքնաթիռներով գալիս են ընտրություններին մասնակցելու

Ապրիլ 13,2012 13:37

ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայրաքաղաքային նախընտրական հանդիպումներին, ի թիվս քաղաքային եւ համայնքային իշխանությունների, ներկա է լինում նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Առավոտը» երեկ պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ ինքն ինչո՞ւ է գալիս այդ հանդիպումներին: «Հասարակական կարգը պահպանելու»,- ասաց պարոն Նազարյանը: Հետաքրքրվեցինք՝ ավելի ցածր կոչումով ոստիկաններին չի՞ վստահում: «Ես եմ այստեղ, իմ տեղակալն է, երբ որ մասսան շատ է՝ 10 հազար մարդն անցնում է, ես պիտի գամ ու տեսնեմ, որ հասարակական կարգը պահպանվում է»,- ասաց պարոն Նազարյանը: Մասսան իսկապես շատ էր, քանի որ նախագահի հետ հանդիպման համար բերման էին ենթարկվել մարզի դպրոցների, մանկապարտեզների, այլ պետական հիմնարկների աշխատակիցները: Նաեւ տեղի ՀՀԿ-ականները «լավ աշխատանք» էին տարել բնակիչների շրջանում, քանի որ բոլորին էլ հանձնարարված էր մարդ բերել: Ամեն դեպքում, նախագահի հանդիպմանը 10 հազար մարդ հաստատ չկար, ինչպես ոստիկանապետն ասաց:

«Բոլոր միջոցառումներին եմ ես գնում: Անցած անգամ այցելել էինք դաշնակների միջոցառմանը, ՕԵԿ-ինը, ինչի ՀԱԿ-ի միտինգներին ես էնտեղ չե՞մ: Ես քաղաքի պետն եմ, բոլորի ոստիկանության պետն եմ»,- ասաց պարոն Նազարյանը: Փաստորեն, պարոն Նազարյանի ասածից ելնելով, անգամ ՀԱԿ-ի հանրահավաքներին մասսան գերազանցում է 10 հազարը: Մինչդեռ նկատենք, որ ՀԱԿ-ի հանրահավաքներին ոստիկանության ներկայացրած տվյալները չեն գերազանցում երեք հազարը: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ գո՞հ է Երեւանի ոստիկանապետը երեւանցիների կարգապահությունից: «Շատ: Նորմալ: Այս օրերն այնպիսի օրեր են, որ հուզմունքներ էլ են լինում, պոռթկումներ էլ, բայց ընդհանուր շատ նորմալ է: Ժողովուրդը հավաքվում է, ուրախանում են, ծրագրերն էլ են լսում. դա կարեւոր է, ընտրելուց առաջ շատ կարեւոր է»,- պատասխանեց պարոն Նազարյանը:

«Առավոտը» Երեւանի ոստիկանապետից նաեւ հետաքրքրվեց՝ ունի՞ որեւէ պատասխան ոստիկանությանն ուղղված այն մեղադրանքներին, որ հրապարակված ընտրացուցակներն ուռճացված են: Պարոն Նազարյանը չհամաձայնեց «ուռճացված» արտահայտության հետ, ասաց, որ «բացթողումներ» կան, որոնք շտկվում են շատ արագ. «Պետք է բոլորս էլ հասկանանք, որ այդ ամեն ինչը կատարվում է մեքենայացված, եւ այդ ընթացքում սխալներ կլինեն: Բայց ինչ սխալներ, բացթողումներ կան, ոստիկանությունը դիմել է քաղաքացիներին՝ ասեք, մենք կանենք շատ արագ: Նման բան չկա, որ դիմեն եւ արագ չուղղենք»:

ՀՀ առաջին նախագահն ու ՀԱԿ-ն արդեն քանի տարի է՝ խոսում են ընտրացուցակներում 500 հազար «ավելորդ ձայների» մասին: Դրանք մարդիկ են, ովքեր իրականում Հայաստանում չեն, սակայն ընդգրկված են ընտրացուցակներում: «Առավոտի» այս դիտարկմանը Ներսես Նազարյանը հակադարձեց. «Կարող է այն ժամանակ՝ 1991-ին, իրենց ժամանակ եղել է, բայց հիմա չկա: Ստուգվում է, թող սխալները ցուց տան, թող նման ցուցակներ ցույց տան՝ մենք կուղղենք: Նման բան լինել չի կարող»: Նկատեցինք, որ դա պարզելն այնքան էլ բարդ չէ. բոլորս էլ այստեղ ենք բնակվում, ծանոթ-բարեկամներ ունենք, որոնք մեկնել են արտագնա աշխատանքի կամ այլ երկրներ՝ բնակության, սակայն ընտրացուցակներում ընդգրկված են: Երեւանի ոստիկանապետը հավաստիացրեց, որ ընտրություններին նրանք վերադառնում են Հայաստան. «Ես ընկերներ ունեմ, ընտանիքներով, ինքնաթիռներով բոլորն էլ գալիս են ընտրություններին մասնակցելու: Մենք ենք կանչում ընկերներին, դիմում, որ եկեք, մասնակցեք: Մյուս կուսակցություններն էլ իրենց կոչն են անում: Հո մենակ չե՞ն գալիս որեւէ կուսակցության համար, գալիս են իրենց պարտքը տալու»: «Առավոտի» դիտարկմանը՝ երբ մարդը սոցիալական խնդիր ունի, գնացել է հացի փող աշխատելու, ընդամենը մեկ քվեարկության համար ինքնաթիռի տոմս է գնում ու գալի՞ս, Ներսես Նազարյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է պատահել: Այո, ընտրությունը բոլորինն է, եւ ամեն մեկն իր քաղաքացիական պարտքը պետք է կատարի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30