Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ գիտական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստի (17.04.2012Թ) որոշումը

Ապրիլ 18,2012 19:23

Լսելով և քննարկելով ԵՊԼՀ իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով
պրոռեկտոր Գ. Բալայանի և ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ Գ. Ավետիսյանի
հաղորդումները «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի
կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին
ակտ»-ի և դրա առնչությամբ ԵՊԼՀ ներկայացրած առարկությունների վերաբերյալ,
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ
– Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական
գործունեության նկատմամբ վերահսկողությունը կատարվել է ՀՀ մի շարք օրենքների,
մասնավորապես «ՀՀ տարածքում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ
օրենքի էական խախտումներով (ստուգման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման
բացակայություն, վերահսկողությունն ընդգրկող ժամկետների խախտում,
վերահսկողությունն իրականացնելու նպատակով տրված հրամանով սահմանված
լիազորությունների գերազանցում, ստուգումը սկսելու ժամկետների խախտում,
վերահսկողության արդյունքներով կազմված ակտի նախագծի ներկայացման ժամկետների
խախտում և այլն),
-«Ներքին իրավական ակտերը ուժը կորցրած ճանաչելու մասին» ակտում եղած նշումը
ԵՊԼՀ-ին չի պարտավորեցնում այդ ակտերը շրջանառությունից հանելու, քանի որ
յուրաքանչյուր ներքին ակտ ուժը կորցրած ճանաչելու համար անհրաժեշտ է ընդունել
առանձին վարչական ակտ` մատնանշելով, թե ո՛ր ակտով պետք է փոխարինվի ուժը
կորցրած ներքին ակտը, և կարգավորվեն համապատասխան հարաբերությունները
-«Անհատական ուսուցման գրաֆիկը» ուսումնառության ձև չէ, այլ առկա ուսուցմամբ
սովորող ուսումնական գործընթացի կազմակերպման միջոց: Իսկ անհատական հետագիծը
Բոլոնիայի գործընթացով ուսումնառությունը կրեդիտավարկանշային համակարգով
կազմակերպելու պահանջներից մեկն է հատկապես արտասահմանում ուսումնառող կամ
արտասահմանցի ուսանողների համար,
-«Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի կրթական
գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին
ակտում» (այսուհետ՝ ակտ) արձանագրված դրույթները չեն կարող իրավական ուժ ունենալ,
քանի որ դրանք դուրս են ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ հ. 190 Ա/Ք հրամանի 1-ին կետում
նշված վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածից, իսկ որոշ դեպքերում՝ նաև
վերահսկողության թեմաներից,
-Արձանագրված խմբագրական բնույթի դիտողություններն ու առաջարկությունները
ընդունելի են բուհի կողմից, և դրանց մի մասն արդեն փոխվել է գիտական խորհրդի նախորդ
նիստում, իսկ մյուս մասի վերաբերյալ նախապատրաստվում են համապատասխան քայլեր,

ակտում արձանագրված անճշտությունները տեխնիկական բնույթի են և ուսումնաօժանդակ
անձնակազմի թերացման արդյունք,
– իրականությանը չեն համապատասխանում գոյություն չունեցող
մասնագիտությունների վերաբերյալ պնդումները, քանի որ «Երկրագիտությունը» (Area
Stuidies, Regional Studies, Civilisation) աշխարհում ճանաչված մասնագիտություն է, որը դեռ
60-ական թթ. ներդրվել է Հայաստանի կրթական համակարգում որպես մասնագիտացում:
Ուսումնական ծրագրի տվյալ մասնագիտացման կառուցամասը համապատասխանում է
միջազգային պրակտիկային, որտեղ նշվում է «Major»՝ որպես մասնագիտություն և «Minor»՝
որպես մասնագիտացում: Գրառումը կատարվել է՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարի 10.05.2001թ. հ.
153-Մ հրամանով հաստատված կարգի 15-րդ կետի 2-րդ պարբերության, սակայն նշված
ակտում հղում է արվում ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 15-ի N 320 որոշմամբ
հաստատված կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթին,
– «ԵՊԼՀ-ում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման» կարգի 3.2
կետի 18-րդ պարբերությամբ և 7.2.21 կետով չեն սահմանափակվում ուսանողների
իրավունքները: Հաշվի է առնվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական
կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը. «… բուհը ինքնուրույն է ուսումնական
գործընթացի կազմակեպման և ուսանողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և
պարբերականության ընտրության ձևերում»: Վերոնշյալ կետերը նպատակաուղղված են և
բխում են ամփոփիչ ատեստավորման քննությունների հանդեպ ուսանողների
պատասխանատվության բարձրացման պահանջներից: Այնուամենայնիվ, գիտական
խորհրդի 13.04.2012թ. հ. 6 նիստում վերոնշյալ կետերն ընդունվել են ժամանակավորապես
մինչև նշված կետի իրավաչափությանը և օրինականությանը վերաբերող վերջնական
դատական ակտի կայացումը,
-անընդունելի է այն դիտողությունը, թե խախտվել է բուհի կողմից տրամադրվող
դիպլոմներում մասնագիտությունը առանց չակերտների և փոքրատառերով նշելու մասին
ակտում ամրագրված դրույթը, քանի որ «Շնորհվում է» բառից հետո փոքրատառով գրվել է
որակավորման անվանումը, իսկ «աստիճան» բառից հետո չակերտների մեջ մեծատառով
նշվել է մասնագիտության անվանումը (համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ հաստատված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ»,
և ՀՀ ԿԳ նախարարի 22.06.2010թ. հ. 609թ. «ՀՀ բուհերի շրջանավարտների ավարտական
փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգի» 3-
րդ բաժնի 16-րդ կետի),
-մնացած դիտողություների /ՊԴ կազմի, ուսանողների տեղափոխությունների,
վերականգնումների, ակադեմիական արձակուրդների տրամադրման և այլն/ վերաբերյալ
բուհը տվել է իր հիմնավորված պարզաբանումները, որոնք հաշվի չեն առնվել ԿԳՆ կողմից
վերոնշյալ ակտը կազմելիս,ՀՀ կառավարության 22.12.2005թ. թիվ 2307-Ն որոշմամբ ԵՊԼՀ-ն՝ որպես պիլոտային
բուհ, առաջիններից մեկն է, որ ընգրկվել է կրեդիտավարկանշային համակարգի ներդրման
գործընթացում, ուստի ԵՊԼՀ ներքին ակտերն ավելի համահունչ են ԵԲԿՏ-ի սկզբունքներին.
նույնը չի կարելի ասել ակտում հիշատակված ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված
կարգերի և հրամանների՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին և գործող վերադաս
օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ,
-անհիմն ու անհետևանք են այն բոլոր դիտողությունները և դրույթները, որոնք դուրս
են ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. հ. 190 Ա/Ք հրամանի 1-ին կետում նշված
վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածից, այն է՝ 2009-2010, 2010-2011
ուսումնական տարիներից,
– անհիմն ու հետևանքներ չառաջացնող են այն բոլոր դիտողությունները և դրույթները,
որոնք դուրս են ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. հ. 190 Ա/Ք հրամանի վերահսկողության
թեմաների շրջանակից,
ԵՊԼՀ-ի գիտական խորհուրդը արտահերթ ընդլայնված նիստում որոշեց
1. ի գիտություն ընդունել, որ խմբագրական բնույթի դիտողությունները հաշվի են
առնվել և ընդունվել են գիտական խորհրդի 13.04.2012թ. հ. 6 նիստում,
2. չանդրադառնալ ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. հ. 190 Ա/Ք հրամանի 1-ին կետում
նշված վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածից և այդ հրամանի
վերահսկողության թեմաների շրջանակից դուրս գտնվող դիտողություններին ու
դրույթներին, որոնք չեն կարող հետևանքներ առաջացնել,
3. հանձնարարել ուսումնական գծով պրոռեկտորին և դեկաններին՝ ուժեղացնել
հսկողությունը ուսումնաօժանդակ անձնակազմի գործավարության նկատմամբ՝
խուսափելու համար աշխատանքային պարտականություններում թերացման
արդյունք հանդիսացող տեխնիկական և խմբագրական բնույթի սխալներից,
4. դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին՝ առաջարկելով
անհապաղ արձագանքել ստեղծված անհեթեթ ու վտանգավոր իրավիճակին, որը
խափանում է բուհի բնականոն գործունեությունը և արատավորում ԵՊԼՀ բարի
համբավը:
5. Հանձնարարել ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանին` նախորդ կետում նշված արձագանքի
բացակայության դեպքում դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի
թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված
ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաև
ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով, իսկ
անհրաժեշտության դեպքում` նաև ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված
իրավական ակտերի օրինաչափության և վերադաս օրենսդրության
համապատասխանության հայցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30