Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ ցնցված են վերադառնում գյուղերից

Մայիս 03,2012 11:09

Ընտրությունների քարոզարշավն, ըստ էության, միակ առիթն է, որը երեւանաբնակներին մղում է դեպի մարզեր։ Այսինքն՝ գյուղը հիշում են այն ժամանակ, երբ գյուղացու քվեն իրենց պետք է։ Եվ սկսվում է «առաքյալների» հոսքը դեպի գյուղ։ Ով ասես որ այս օրերին չի հայտնվում գյուղական անհրապույր ու կիսաքանդ ճանապարհներին՝ սկսած երկրի նախագահից, վերջացրած աշխարհին «բենթլիների» ու «լեքսուսների» պատուհանից նայող օլիգարխներով եւ ասֆալտի վրա մեծացած ինտելիգենտիկներով։ Նրանք բոլորը, գյուղացու դարդով տապակվողի դեմքով, գնում են մարզեր, խեղճ գյուղացու ուղեղը լվանում իրենց անմիտ ճառերով ու անիրականանալի խոստումներով, երբեմն անգամ լսում նրա դարդն ու ցավը եւ վերադառնում մայրաքաղաք։ Բայց գյուղ գնացողների այս բանակը, մեզ հասած լուրերով, այս անգամ ցնցված է վերադառնում գյուղերից։ Տարբեր ճամբարներում գտնվող անձանցից շարունակ լսում ենք, որ գյուղն ու գյուղացին այնքան աղետալի վիճակում են, այնքան չքավոր ու խեղճ, այնքան կոտրված ու անհույս, որ անգամ մայրաքաղաքաբնակների այս անտարբեր բազմության զգացմունքներն են շարժել։ Սեր զրուցակիցներից մեկն, օրինակ, ասաց, որ երբ մոտ 10 տարի առաջ ինքը շրջել է գյուղերով, այսքան ողբերգական տեսարանների ականատես չի եղել, եւ կարծում է, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ գյուղացու կենսամակարդակն ընկել է։ Մեր՝ քչով գոհացող, ամեն ինչի հարմարվող ու շատ քիչ բողոք ունեցող գյուղացին այս անգամ զարմացնում է կուշտ ու կուռ հռետորներին՝ բողոքում է, ընդվզում, պատգամավորացուների դեմքերին շպրտում իր դժգոհությունը։ Ամեն կերպ ցույց է տալիս, որ դժգոհ է այս չինովնիկների աշխատանքից, որ նրանց ապաշնորհության պատճառով է ինքը վատ ապրում։ Նաեւ հասկացնում է, որ իր համբերությունն էլ սահման ունի։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031