Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի համամասնական թեկնածու. «Այդ մարդկանց ուղեղներում է ցուրտ ու մութ տարիներ…»

Մայիս 03,2012 23:01

«Առավոտի»  հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու Վահան Վարդապետյանը

– Պարոն Վարդապետյան, քարոզարշավը մոտեցավ իր ավարտին, ինչպե՞ս կամփոփեք դրա ընթացքը:

Արտաքին տպավորությունը հասարակության մոտ կարող է լինել այնպիսին, թե իբր հավասար պայմաններ էին ապահովված բոլոր քաղաքական ուժերի միջեւ: Բայց իրականում դա այդպես չէր: Մեզանից յուրաքանչյուրը, ով ունի ազգականներ տարբեր մարզերում, կարող է հետաքրքրվել եւ իմանալ, որ մի մարզից մյուս մարզը իշխանական դեմքերի հետ մարդկանց հանդիպման էին տանում ավտոբուսներով: Յուրաքանչյուր ավտոբուսին պարտադրված է եղել մարդկանց որոշակի «գլխաքանակ» ապահովել: Հաճախ մարդիկ գնացել են հակառակ իրենց կամքին, նրանք ուղղակի բերման են ենթարկվել: Մի բան հստակ է, այդ մարդիկ ավելի ատելությամբ են լցվել իրենց պարտադրողների նկատմամբ, նրանց ընտրազանգվածը չեն եւ մերժելու են վարչակազմին: Կան ուժեր, ովքեր համերգային միջոցառումներ են կազմակերպել` ապահովելու իրենց բազմամարդությունը: ՀԱԿ-ը երբեք նման կապիկություններ թույլ չի տվել.ամեն ինչ ինքնաբուխ ու ջերմ է եղել, կարող է մի տեղ լինեն 5000, մյուսում` 50 կամ 500 հոգիանոց հանդիպումներ, բայց դրանք պարզ եւ անկեղծ հանդիպումներ են, երբեք որեւէ մեկը բերման չի ենթարկվել, այնտեղ «ֆալշ» նոտա չի եղել: Մեծ է լրատվամիջոցների, հեռուստաեթերի դերը: Սկզբում ամեն ինչ վախվորած էր, տեղեր են եղել, որ տեղական իշխանության ներկայացուցիիչները, ոստիկանության ներկայացուցիչները ուղղակի կանգնել եւ քաղաքացիներին հրահանգել են հանրահավաքից հեռանալ, ահաբեկել են, ես դրանց անձամբ եմ ականատես եղել: Վախի մթնոլորտը սկզբում ուժեղ էր, բայց, երբ որ մարդը լսում է եթերից ՀԱԿ-ի խոսքը, շատ բան է փոխվում: Ես անչափ տպավորված եմ վանաձորյան հանդիպումներից, անգամ նախագահական ընտրությունների ժամանակ նման հրաշալի հանդիպում ես չեմ տեսել: Արթիկում, Վարդենիսում, Ծովագյուղում հրաշալի, ջերմ մթնոլորտ էր, որը չի լինում պարտադրված հանդիպումների ժամանակ: Այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխություն է ուզում, եւ պատահական չէ, որ վարչակազմը այնպիսի կարգախոս է ընտրել, որով փոփոխություն է խոստանում: Ես համամիտ եմ Արմեն Ռուստամյանի այն մտքին, որ եթե այդքան վատ է, ուրեմն` ձեզ փոխենք: Ի վերջո, բոլորս պետք է գոնե մեկ անգամ վեր կանգնենք եւ վերականգնենք ընտրությունների արդարությունը, սահմանադրական կարգը, մայիսի 6-ին Հայաստանում այդ առիթը կա, ստեղծել օրինական ԱԺ, այս առիթը չպետք է բաց թողնենք, այլապես մեզ ավելի վատ վիճակ է սպասվում, իսկ վիճակի ծանրությունը նկարագրել պետք չէ, յուրաքանչյուրն է զգում իր մաշկի վրա: Ուշադրություն դարձրեք, ՀԱԿ-ի ցուցակում կենտրոնացված է գաղափարը, միտքը, ուժը, ճանապարհ անցած, կենսագրություն ունեցող անհատնեեր են: Այսօր մի քանի ուժեր կան, որոնք մարտի 1-ի տեսարաններով ուզում են հերոսանալ, իբր ոստիկանության դեմ են պայքարել: Մենք այդ ամենը այս 4-5 տարվա մեջ գործով ենք ապացուցել, բայց չենք շահարկել, տեսարաններ չենք ստեղծել, որովհետեւ վստահ ենք, որ ժողովուրդը ամեն ինչ տեսել է: Թերություններ բոլորն էլ ունեցել են եւ ունեն, բայց ես զզվում են, որ մինչեւ հիմա կան մարդիկ, ովքեր հիշեցնում են ցուրտ ու մութ տարիները: Այդ մարդկանց ուղեղներում է մութն ու ցուրտը, որ այդ մակարդակին են մնացել, որ մութ ու ցուրտ ուղեղներ ունեն: Ես հակառակ հարցադրումն եմ ուզում անել: Պատկերացնու՞մ եք այսպիսի իշխանություն ունենայինք այն տարիներին, ամեն ինչ տանուլ տված, պարտված եւ ամեն մեկս չգիտեմ որտեղ էինք: Մենք երջանիկ ենք, որ այսօր մութ ու ցուրտն ենք հիշում: Չի կարելի ուրանալ, արժեզրկել հասարակությաւնը արժեքներից:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այսօրվա սոցիոլոգիական հարցումների ներկայացրած տվյալներն:

– Հայաստանում միայն թերզարգացած մարդը կարող է լուրջ համարել որեւէ սոցիոլոգիա, քանի որ գիտենք` ինչ պատվիրովի սոցիոլոգներ եւ ծառայություններ կան: Հիշեք նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ողջ հասարակությունը կոնսոլիդացվել էր Տեր-Պետրոսյանի շուրջը, սոցիոլոգ կոչվածները ինչ ցուցանիշներ էին ներկայացնում, ամեն ջանք թափում էին, որ նա անգամ երկրորդ տեղում չլիներ, բայց քվեները այնքան շատ էին, որ այդ մեկը չկարողացան անել: Եթե մենք մեր մտերիմների շրջանում հարցում կատարենք, ապա պարզ կլինի, որ Կոնգրեսն ունի անհամեմատ մեծ թվով համակիրներ, որոնց մի մասն էլ թաքնված են, չեն բարձրաձայնում: Ինչու՞են վերջին տարիներին միայն ՀԱԿ-ի հանրահավաքները խոչընդոտվում, տրանսպորտը չի աշխատում, ճանապարհները այնպես են փակվում, որ անգամ հիվանդ տեղափոխելն է անհնար լինում: Դա նշանակում է, որ իշխանությունը վախենում է հենց ՀԱԿ-ից: Բայց այլեւս սպառված է կեղծելու եւ համակերպվելու ժամկետը: Այլեւս իրավունք չունենք մեր երկիրը վերածել դժոխքի:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031