Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամյանի վիճակը ներկայումս շատ ավելի ծանր է ԱԺ նախագահի պաշտոնում, քան 2008 թվականին

Մայիս 31,2012 10:54

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վերադարձնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: ՀՀԿ գործկոմի երեկ տեղի ունեցած նիստի գլխավոր տեղեկությունը թերևս դա է: Վարչապետի պաշտոնի մասին տեղեկություն առայժմ չկա, սակայն ըստ ամենայնի Տիգրան Սարգսյանն էլ կմնա իր պաշտոնին, քանի որ մնացյալ բոլոր առումներով ՀՀԿ-ն պահպանում է իր դիրքերն ու դեմքերը, ինչը նշանակում է, որ հազիվ թե փոփոխություն լինի վարչապետի պարագայում: Իրավիճակը, ըստ էության, մի փոքր փոփոխված է Աբրահամյանի պարագայում, քանի որ նա ներկայումս լինելու է նախագահ մի ԱԺ-ում, որտեղ իր խնամի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայի մաս չէ:

Իսկ Հովիկ Աբրահամյանն, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն էլ չէ: Եվ հիմա ԲՀԿ-ի ու Հովիկ Աբրահամյանի շահերը խաչվում են, որովհետև ԲՀԿ-ն բնականաբար պետք է փորձի եթե ոչ հայտարարելով, ապա խոսքով ու գործով շատ նման լինել ընդդիմությանը, որպեսզի ներկայանա իշխանության այլընտրանք՝ ինչպես հայտարարում են ԲՀԿ-ականները, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ փաստորեն փորձելու է ամեն կերպ ցույց տալ, անել հնարավորը, որ ԲՀԿ-ն հանկարծ չերևա ընդդիմություն, չերևա այլընտրանք:

Հասկանալի է, որ Աբրահամյանի վիճակը ներկայումս շատ ավելի ծանր է ԱԺ նախագահի պաշտոնում, քան 2008 թվականին, երբ նա այդ պաշտոնը ստանձնեց և պետք է բարձրացներ ԱԺ դերը: Բանն այն է, որ ԱԺ դերը բարձրացնելը նրա մոտ չստացվեց, բայց դա նրա համար այնքան էլ ճակատագրական չէր, իսկ ահա ԲՀԿ դերը ներկայիս քաղաքական դասավորություններում Աբրահամյանի համար կարող է իսկապես ճակատագրական լինել: Եվ այդ իմաստով, նրան թողնելով ԱԺ նախագահի պաշտոնում, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իրականում ոչ թե լավություն, պատիվ կամ շնորհ է արել, այլ դրել է երկու քարի արանքում, որտեղից Աբրահամյանը թոշակից բացի` որևէ այլ տեղ գնալու ելք փաստորեն չունի:

Ըստ երևույթին Սերժ Սարգսյանն այդպիսով արդեն իսկ որոշակիորեն սկսում է մաքրել իր նախագահական ժառանգորդների հավակնորդների մեծ ցուցակը, որում, իհարկե, Հովիկ Աբրահամյանը իր համար, թերևս, պատվավոր տեղ էր պատկերացնում, բայց ստացավ ընդամենը երկու քարի արանքը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031