Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դիտարկումից մեկ օր անց՝ սահմանի նույն հատվածում գյուղացի է վիրավորվել

Հունիս 01,2012 15:00

Հունիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական հենակետից արձակված կրակոցի հետեւանքով աջ ոտքից վիրավորվել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանը:

Ներկայումս նրա առողջական վիճակը բարվոք է, Վաչիկը բուժվում է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի վկայությամբ՝ Վաչիկը վիրավորվել է, երբ սահմանամերձ գոտում, Այգեպարի գինու գործարանի հետեւի մասում գտնվող իր խաղողի այգին էր մշակում: Հիշեցնեմ, որ նախորդ օրը՝ մայիսի 31-ին սահմանի նույն հատվածում՝ Այգեպար գյուղի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Մ. Կամենդատյանն ասաց, որ ինքը ներկա է եղել այդ դիտարկմանը: Նրա վկայությամբ՝ իրենց գյուղն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական նշանառության տակ, ադրբեջանցիները չեն խորշում կրակ բացել գյուղի դպրոցի եւ մանկապարտեզի վրա: Գյուղապետն ասաց, որ ադրբեջանցիների գնդակոծությունների պատճառով գյուղացիները վախենում են մշակել իրենց այգիները, մի մասը իր այգին անմշակ է թողել, ոմանք էլ ստիպված ծառերն են կտրել: Գյուղապետը, սակայն, հավաստիացրեց, որ սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի՝ իր խոսքերով «հայրենասեր մարդիկ» չեն լքում գյուղը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930