Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանի դեմ վկայություն տվող ոստիկանները անուն չէին տալիս` ասելով, որ ինքնաբուխ են ռեժիսորին իջեցրել կրպակի տանիքից (Տեսանյութ)

Հունիս 01,2012 19:55

Ո՞վ է հրաման արձակել` խոչընդոտելու քաղաքցիների օրինական պահանջին: Այսօր Վարչական դատարանի դահլիճում իր այս հարցին ոչ մի կերպ պատասխան չէր ստանում Մաշտոցի պուրակի ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա մեղադրվում է հասարակական կարգի պահպանության ընթացքում ոստիկանների պահանջին չենթարկվելու համար: Ակտիվիստ բնապահպանների ու ոստիկանների միջեւ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, Մաշտոցի պուրակում, երբ մի խումբ քաղաքացիներ փորձել էին այգու հաշվին կառուցվող կրպակներն ապամոնտաժել: Երկու ոստիկան Տիգրան Խզմալյանին բռնի ուժով իջեցրել էին կրպակներից մեկի տանիքից, որից հետո կինոռեժիսորին մեղադրանք էր առաջադրվել: Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ դատավոր Արծրուն Միրզոյանն ընդունեց հայցվոր կողմի` ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանի՝  3 ոստիկանի, որպես վկա գործում ներգրավվելու միջնորդությունը: Ոստիկաններ Սերոբ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը եւ Էդգար Մխիթարյանն այդ օրը ոչ միայն տեսել, այլեւ մասնակցել էին Տիգրան Խզմալյանին տանիքներից «վնասազերծելու» գործողություններին:

Վկաները մանրամասն նկարագրեցին, թե ինչպես են ապրիլի 15-ին իրենց ռադիոկապով մայրաքաղաքի այլ տարածքներից կանչել Մաշտոցի պուրակ: Իսկ թե կոնկրետ ո՞վ է հրաման տվել սկսել գործողությունները քաղաքացիների նկատմամբ՝ վկաները միաբերան պնդում էին, որ ոչ ոք, եւ որ իրենք սեփական նախաձեռնությամբ են սկսել «օպերացիան»: Օրինակ` վկա Էդգար Մխիթարյանը հեռուստատեսությունից էր տեղեկացել, որ «Մաշտոցի պուրակում մի խումբ քաղաքացիներ անօրինական գործողություններ են կատարում», եւ իր մասնագիտական պարտքն էր համարել կարգուկանոն հաստատել: Կինոռեժիսորի հարցին՝ «Դուք ասացիք, որ որեւէ մեկի հրամանը չեք կատարել եւ ինքնակամ եք գործել, փաստորեն դուք այդ ալիքի հաղորդումով ոգեւորված որոշեցիք, որ մեր գործողություններն անօրինակա՞ն են: Ի՞նչ է, որտեղ կիսակառույց շինարարություն եք տեսնում, մոտենում եք ու խոչընդոտո՞ւմ շինարարների աշխատանքին», Էդգարը միայն ասաց, որ ինքն իր գործն է կատարել: Այս վկան նաեւ պատմեց, որ Մաշտոցի պուրակ է հասել այն ժամանակ, երբ` «Տիգրան Խզմալյանը բարձրացել էր կռիշ ու գործիքները ձեռքը փորձում էր քանդել: Պահանջեցինք, որ ձեր գործողություններն անօրինական են, բայց նա չենթարկվեց»:

Հայցվորի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը, սակայն, պատասխանեց կինոռեժիսորի` արդեն 4-րդ անգամ հնչեցրած հարցին, ասելով, որ` «Չգիտեմ այդ 2 ոստիկաններին կոնկրետ ո՞վ է հրաման տվել, բայց ապրիլի 15-ի միջոցառումները կազմակերպել է Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Իսկ քաղաքացիների օրինական պահանջին խոչընդոտելու հրաման արձակել է ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը»:

Այսօր դատարանը հետազոտեց նաեւ գործին կցված ապացույցները, որոնց մի մասը տսաձայնագրության տեսքով էր: Կողմերը յուրաքանչյուրն իր խտասկավառակն էր դատարան ներկայացրել, որտեղ ցուցադրվում էր ապրիլի 15-ին ոստիկանների եւ ակտիվիստների բախումը:

Տիգրան Խզմալյանի այն դիտարկումներին, թե  ոստիկանությունը գործել է հակասահմանադրական` խոչընդոտելով քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքին, ոստիկանության ներկայացուցիչը շարունակ պնդում էր, որ Մաշտոցի պուրակում իրենց կողմից կարգուկանոն հաստատելու համար հիմք են հանդիսացել «Մոր եւ մանկան առողջության պահպանման» բուժհիմնարկի տնօրեն Գեորգի Օկոեւի նամակը, որով պրոֆեսորը դժգոհություն է հայտնել, որ ակտիվիստների աղմուկը հղի կանանց ու այլ հիվանդներին խանգարում է, եւ մի քանի ոստիկանների զեկուցագրերն այն մասին, որ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին: Կողմերի պաշտպանական ճառից հետո, դատավորը հայտնեց, որ վճիռը կընթերցվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա նույն դատարանում` հունիսի 12-ին, ժամը 17-ն անց 40:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930