Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը հուզվում են՝ բացի վարչապետից»

Հունիս 06,2012 22:09

Մի քանի օր առաջ Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը  Aravot.am-ի հետ զրույցում քննադատել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին Շիրակի մարզում ազգային պարկ ու տեխնոպարկ բլեֆ-ծրագրեր իրականացնելու  անվան տակ գումարներ մսխելու մեջ: Սա բավականին մեծ արձագանք է  գտել  հասարակական ու քաղաքական գործիչների շրջանում, սակայն ՀԱԿ համակարգողը զարմացած է, որ չի արձագանքում հասցեատերը:

«Առաջին անգամը չէ, որ Հայ ազգային կոնգրեսի տեղական կառույցը տնտեսական վերլուծություններ  է կատարում ու քննադատություններ հնչեցնում կոնկրետ փաստերով, թվերով: Մենք անդրադարձել ենք Գյումրիում իրականացվող բոլոր խոշոր ծրագրերին ու տիրապետելով ամբողջական ինֆորմացիային, թվային տվյալներին` հասկանում ենք, որ Գյումրին դարձել է մի յուրատեսակ պոլիգոն` խոշոր ծրագրեր,  մեղմ ասած, իրականացնելու համար: Լրատվամիջոցներով բազմիցս բարձրաձայնել ենք, որ սկսած 98-99 թվականներից՝ աղետի գոտու համալիր զարգացման ռազմավարական ծրագիր կոչվող ջրիկության շրջանակներում, այլ կերպ հնարավոր չէ անվանել, փողեր են լվացվում: Եվ մեր քննադատությունը ոչ միայն վարչապետին է ուղղված, այլեւ գործադիր իշխանությանը, կառավարությանը, ամբողջ իշխանությանը, ինչո՞ւ միայն վարչապետին, բայց քանի որ վարչապետը տնտեսական բլոկի պատասխանատուն է, բնականաբար՝ մեր քննադատության հասցեատերը հենց ինքն է, եւ ինչո՞ւ հասցեատերը արձագանքելու փոխարեն՝ արձագանքներ լսում ենք կողքից` սրանից, նրանից, կապ չունեցող, ընդամենը լոբբիստական մակարդակի վերլուծաբանների կողմից»,- ասում է մեր զրուցակիցը:

Մենք Մուրադ Գրիգորյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում  իր հասցեին հնչած այն ռեպլիկին, որ չափազանցում է թվերը` նշելով, թե վարչապետը տեխնոպարկի ու ազգային պարկի անվան տակ մեկ միլիարդ դոլար է մսխել: «Մեկ միլիարդ դոլա՞ր, դա գուցե լեզվական վրիպակ է, տեխնոպարկ եւ ազգային պարկ երկու բլեֆ-ծրագրերի ֆինանսավորման հանրագումարը մոտ մեկ միլիարդ դրամ է: Կարող եմ մանրամասնորեն ասել. 2009 թվականին Արփա լճի շրջակայքում  ազգային պարկ կառուցելու ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել   ու ծախսվել է 110 միլիոն դրամ, 2010 թվականին` 600 միլիոն դրամ, ստացվեց 710 միլիոն  դրամ, որը  չգիտեմ՝ տուրի՞զմ է զարգացնելու, թե՞ ինչ, բայց մենք այս  հող ու ջրի վրա ապրող մարդիկ ենք, աչքներովս մշտապես տեսնում ենք, թե Ազգային պարկ կոչվող տարածքում  ինչ ներդրումներ են կատարվել: Անցած տարի` 2011 թվականին, արդեն տեխնոպարկի` հերթական բլեֆ-ծրագրի շրջանակներում մոտ 200 միլիոն դոլար պետբյուջեից ֆինանսավորում է կատարվել ապարատի պահպանման համար: Այս  երկու ծրագրերի համար մինչեւ այս պահը արդեն 900 եւ ավելի միլիոն դրամի ֆինանսավորում է կատարվել, եւ դա, բնականաբար, կազմում է  մոտ 1 միլիարդ դրամ: Իսկ եթե դրան ավելացնեմ կառավարության որոշմամբ   եւս 1 միլիարդ 671 միլիոն դրամ  ֆինանսական հատկացումը տեխնոպարկի շենքային բազայի վերանորոգման, վերակառուցման նպատակով,  դե, ինքներդ եզրահանգման եկեք, թե այդ ծրագիրը փողերի լվացում չէ՞ արդյոք»:

Մենք ակնարկեցինք, որ վարչապետին հասցեագրված իր քննադատությանը արձագանքել են նաև իր ընկերները: «Տեղյակ եմ, որ նաեւ իմ ընկերներից են արձագանքել քննադատությանը, երեւի ի նկատի ունեք «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, ի՞նչ ասեմ, լավ է, որ իմ ընկերները նմանապես մտահոգված են կառավարության կողմից մեր քաղաքում ու մարզում իրականացվող  նման ծրագրերով, հետաքրքրվում են: Իսկ ինչ վերաբերում է  քննադատությանը, դե, մեր ընկեր Լեւոնն է, ինչ-որ տեղ չափազանցում է եւ խոսքին  գեղարվեստական արժեք տալու համար կարող է թվեր կլորացնել, օրինակ` Գյումրի քաղաքի բյուջեն բոլորովին էլ  90 միլիոն դոլար չէ, 2,7  միլիարդ դրամի  շրջանակներում  է, կարող եմ տարեթվերով ասել, որը ինչ կուրսով էլ որ իմ ընկեր Լեւոնը փորձի դոլարի վերածել, համենայնդեպս՝ 90 միլիոն չի կազմի, առնվազն մեկ զրո էլ նա է կլորացրել, այնպես  որ՝ լեզվական վրիպակներից ոչ ոք ապահովագրված չէ: Ավելի  ճիշտ և արդյունավետ կլիներ կառավարությանը ուղղվող քննադատության մեջ տեսնել փաստը, փաստարկը, եւ արձագանքը լիներ ոչ թե ոճական ու գեղարվեստական, այլ նպատակամետ»:

Մուրադ Գրիգորյանը  մեկ անգամ եւս շեշետեց, որ իրենց կառույցը տասը տարուց ավելի հետեւողականորեն բարձրաձայնել է Շիրակի մարզում վարկային ու պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսելու փաստերը, եւ իրենք պատասխանատու են իրենց հնչեցրած  քննադատության ամեն մի  տառի ու ստորակետի համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930