Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում տոն է, թող բոլորը գան». Երգում է հաշմանդամ երեխան (Ֆոտոշարք)

Հունիս 19,2012 21:32

11-ամյա Անահիտը այսօր հաշմանդամի սայլակին նստած արտաբերում է երգի հետեւյալ տողերը. «Երեւանում տոն է, թող բոլորը գան, օրը հրաշալի է ջուրն անմահական… »: Նրան են միանում մեծ ու փոքր, ծեր ու մանուկ: Երեխաների դեմքին ժպիտ կա, խոսում են իրենց ցանկություններից, երազանքներից, ամենօրյա զբաղմունքից: Նրանց ժպիտը խոսում է այն մասին, որ երեխաներն այսօր իրենց ինչ-որ չափ լիարժեք են զգում, քանի որ ուշադրության եւ հոգատարության կենտրոնում այսօր նրանք են:  Ժամանակն է, որ Երևանը դառնա նաև հաշմանդամություն ունեցող երեխաներինն ու չափահասներինը:

Այսօր՝ հունիսի 19-ին,  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, ինչպես նաև` երիտասարդները «Երազանքների պատին» փակցրեցին Երևանի մատչելիությանն հետ կապված իրենց ցանկությունները:

15 օր շարունակ «Երազանքների պատին» մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին կիսվելու իրենց առաջարկներով ու ցանկություններով` կապված մայրաքաղաքի հետ, որոնցից լավագույնները կիրականացվեն  «Ամերիաբանկի» կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցանկություններն անպայման պետք է լինեին «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո և վերաբերեին Երևանի արտաքին ձևավորմանը:
Այս նախաձեռնությանը այսօր մասնակցություն ունեցան «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների  պաշտպանության հասարակական կազմակերպության պատանիներն ու երիտասարդները, ովքեր «Երազանքների պատին» կկիսեն քաղաքի մատչելիության հետ կապված իրենց ցանկությունները: Նրանք ուզում են Երևանը մատչելի տեսնել բոլորի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Ուզում եմ՝ բոլոր այգիները հարմարեցված լինեն սայլակ օգտագործող և կույր մարդկանց համար», « Ուզում եմ Երևանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղևորների համար», «Ուզում եմ բոլոր գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան, փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն…» Այսպիսի ցանկություններ են գրել հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներն ու պատանիները, ովքեր քաջ գիտակցում են, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:

«Քաղաքը պետք է մատչելի լինի բոլորին եւ դա պետք է կարեւորեն բոլորը: Ամենամեծ խնդիրն այն է, որ տարբեր ծրագրեր իրականացնելիս մոռանում են հաշմանդամություն ունեցող մարդկանց: Առաջնային խնդիրն այսօր մատչելիությունն է, որից էլ բխում են բոլոր մյուսները: Եթե մարդը չունի ազատ տեղաշարժվելու հնարավորություն, հետևաբար նա չի կարող կրթություն ստանալ, աշխատանք ունենալ, կազմակերպել իր ժամանցը, մասնակցել համայնքային և հասարակական կյանքին: Այսօր նոր շենքեր են կառուցվում, նոր նախագծեր իրականացվում, սակայն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները գրեթե չեն հաշվի առնում»,-ասում է  «Հույսի կամուրջ» հ/կ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:

Հայաստանի Հանրապետությունում այսօր գրանցված շուրջ 181 հազար հաշմանդամ մարդկանցից 9 հազարը երեխաներ են։ Սակայն սա միայն պաշտոնական տվյալներով: Զարուհի Բաթոյանը, թեեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալների մասին հստակ տեղեկություն չունի, բայց կարծում է, որ պաշտոնական տվյալները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, եւ որ հաշմանդամ երեխաները շատ ավելի են. « Պատճառը կարող է հանդիսանալ այն, որ հատկապես մարզերում և գյուղերում շատ ծնողներ և ընտանիքներ չեն ցանկանում ճանաչել երեխայի հաշմանդամությունը, ելնելով կարծրատիպերից եւ այդ երեխաները պաշտոնապես գրանցում չունեն»,-ասում է նա:

Զարուհի Բաթոյանը կարծում  է, որ պետք է աջակից լինել այդ երեխաներին եւ հորդորում է մարդկանց գիտակցել, որ որեւէ մեկը ապահովագրված չէ հաշմանդամությունից:

                                                                                                             Քրիստինա Միրրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930