Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի տեղեկացմամբ, սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 86 համայնքներում: Նշենք, որ Շիրակի մարզը ունի 119 համայնք: Թե որտե՞ղ է առավել վտանգավոր իրադրություն սպասվում, պարոն Աբրահամյանը կանխատեսում է, որ թեժ ու հետաքրքիր պայքար կլինի խոշոր համայնքներում` Գյումրիում, Արթիկում, Ազատանում: Ով ում դեմ կպայքարի, դեռ հստակեցված չէ, մարզպետարանի պաշտոնյայի ասելով, գործող համայնքապետերը այդ ցանկում կան, իսկ մյուսների մասնակցությունը ենթադրության մակարդակի վրա է, շատերը խուսափում են բարձրաձայնել իրենց առաջադրվելու մտադրության մասին: «Շատ տեղերում չգիտենք էլ , թե ովքեր են մասնակցելու, կան տեղեր էլ, որտեղ անուններ են շրջանառվում, բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ դեպքերում տրամաբանությամբ է շրջանառության մեջ դնում անունները: Մի իրավիճակ է ստեղծվել, որ օր օրի փոփոխություններ են տեղի ունենում, նրանց թելադրում են դնել կամ չդնել իրենց թեկնածությունը:Կարծում եմ,որ քանի թեկնածու էլ առաջադրեն, հիմնական պայքարը ընթանալու է երկու հոգու մեջ»,-ասում է մարզպետարանի պաշտոնյան:Նրա ասելով, ինչքան համայնքները զարգանում են, այնքան գյուղապետ դառնալու ձգտումը մեծանում է: «Վերջին մի քանի տարվա ընթացքում նկատելի է այս տենդենցը. իհարկե հիմա էլ գյուղերում հարևան-բարեկամի պահը կա, բայց մարդիկ տեսնում են, որ հարևան գյուղերը փոխվում են. լուսավորված են,ճանապարհներն են բարեկարգել, բնականաբար իրենց մոտ էլ ձգտում է առաջանում լավ գյուղապետեր ունենալու»,- ասում է Կարլեն Աբրահամյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ