Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է տղամարդավարի ասել՝ ոչ»

Օգոստոս 08,2012 15:23 Share

«Մենք պետք է սպասենք դեպքերի զարգացմանը եւ տեսնենք՝ իշխանությունը պատրա՞ստ է, թե՞ այնքան էլ պատրաստ չէ: Ի վերջո, ռուսներին պետք է բացատրվի, որ Հայաստանին նման՝ կամ-կամ ընտրության առջեւ կանգնեցնելով, իրենք ոչնչի չեն հասնում: Ավելին, դա կարող է Հայաստանում խիստ հակառուսական տրամադրություններ առաջացնել՝ քաղաքականապես ակտիվ հասարակական սեգմենտներում»,- Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս պետք է դիմագրավել Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից պարտադրվող Եվրասիական միության տեսքով մարտահրավերին, երբ իշխանությունները կարծես պատրաստակամ են այդ հարցում ընդառաջ գնալ, իսկ ընդդիմությունն այնքան կշիռ չունի, որպեսզի կարողանա լսելի խոսք ասել, ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Պետք է տղամարդավարի ասել՝ ոչ»,- կարծում է փորձագետը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի առիթով նախագահ Սարգսյանն անգամ ընդհատել է իր արձակուրդը եւ աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Վլադիմիր Պուտինի` Կրեմլ վերադառնալուց հետո, այս հանդիպումը Պուտին-Սարգսյան առաջին երկկողմ հանդիպումն է, որի ընթացքում քննարկվելու է նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում: Իսկ վերջին շրջանում բավական հաճախ Հայաստան այցելած ռուս բարձրաստիճանները հայ բարձրաստիճանների հետ ունեցած հանդիպումներից հետո անընդհատ խոսում էին ՀՀ-ի՝ Եվրասիական միության շրջանակներում համագործակցությունների հնարավորությունների մասին:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով. «Սա լրջագույն մարտահրավեր է հայկական պետականությանը՝ նետված Ռուսաստանի կողմից: Ես կարծում եմ, որ մենք պետք է, այնուամենայնիվ ուժ գտնենք եւ դիմակայենք այդ մարտահրավերին եւ թույլ չտանք, որպեսզի Ռուսաստանի մոտ ստացվի «փակել» Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա: Հայաստանն այլընտրանք չունի: Հայաստանի ապագան Եվրոպայում է, եւ Հայաստանը պետք է խուսափի ցանկացած քայլից, որն ինչ-որ ձեւով կդժվարացնի եւ մանավանդ կխոչընդոտի այդ ընթացքը»:

ՀՀ նախագահի՝ արձակուրդի կիսատ թողնելը, արձակուրդը փչացնելը, փորձագետին հուշում են, որ այս հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ չէ. «Ես միտում եմ տեսնում նաեւ այցի օրվա ընտրության մեջ՝ ռուս-վրացական պատերազմի տարելիցի օրը: Ես կարծում եմ, Վլադիմիր Պուտինն այսօր մի քանի օդիոզ հայտարարություններ կանի, եւ ես հեչ չէի ցանկանա, որ դա արվեր Սերժ Սարգսյանի ներկայությամբ, որովհետեւ Սերժ Սարգսյանը հազիվ թե դրանց հրապարակային առարկություններ անի: Ես չէի ցանկանա, որ Պուտինի հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի ֆոնին, դիտարկվեին, որպես համաձայնություն այդ ասածների, որովհետեւ դրանք էապես կվտանգեն ՀՀ-ի հարաբերությունները Վրաստանի հետ, ինչը խիստ անցանկալի է եւ Հայաստանի, եւ Վրաստանի, եւ տարածաշրջանի համար: Ես չէի ցանկանա, որ ստացվեր այնպես, որ պուտինյան դիվանագիտությունը մեկ կրակոցով երկու նապաստակ սպաներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031