Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը ցնցուղ՝ սաունայից հետո

Օգոստոս 11,2012 12:41

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «քարոզչություն», եւ ինչպես է հնարավոր միեւնույն իրադարձությունները ներկայացնել տրամագծորեն հակառակ տեսանկյուններից, բավական է երկու րոպե նայել CNN-ը կամ BBC-ն, իսկ հետո երկու րոպե նայել ռուսաստանյան որեւէ ալիք: Ըստ առաջինների՝ Հալեպում Ասադի զորքերն ու համակիրներն են սպանում-մորթում խաղաղ բնակիչներին, ըստ երկրորդների՝ դա անում են ամերիկացիների կողմից զինված գրոհայինները: Ինձ թվում է՝ սա այն դեպքն է, երբ երկու կողմերն էլ ճիշտ են, եւ այդ խճճված իրավիճակում տուժում են այդ բոլոր քաղաքական խաղերին անհաղորդ շարքային մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները:

Կամ՝ այս օրերին նշվում է ռուս-վրացական 5-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը: Նույն ռուսական ալիքները մեր վզին են փաթաթում այդ պատերազմի խիստ միակողմանի եւ սուբյեկտիվ մեկնաբանությունը: Ընդ որում, բոցավառ պուտինականները մի բան էլ մեղադրում են այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւին՝ անվճռականության համար: Բարեբախտաբար, ինտերնետի դարում ոչ մի դժվարություն չի ներկայացնում ծանոթանալու նույն իրադարձությունների վրացական վարկածին՝ բնականաբար, նույնքան միակողմանի եւ սուբյեկտիվ: Իրականում թե Սահակաշվիլին, թե Պուտինը (հենց Պուտինը, ոչ թե Մեդվեդեւը, որն ինքնուրույն որոշում չէր կարող ընդունել) գործում էին անպատասխանատու եւ գնացել էին արկածախնդրության՝ կանգնեցնելով իրենց երկրները լուրջ խնդիրների առաջ: Իսկ ամենակարեւորը՝ վստահ չեմ, որ Ցխինվալի շարքային բնակիչներն այսօր ավելի ապահով են եւ երջանիկ, քան 4 տարի առաջ:

Ներքին կյանքում մոտավորապես նույնն է: Ես դժվարանում եմ ասել, թե ով է ավելի ընդունելի՝ փողից եւ կարիերայից բացի՝ ուրիշ ոչ մի բան չհասկացող եւ առանց հասկանալու «նժդեհականությունից» բարբաջող երիտասարդ իշխանավորնե՞րը, թե՞ «ավազակապետության» եւ «քրեաօլիգարխիկ ռեժիմի» մասին առանց հասկանալու, որպես մանտրա, կարգախոս-բանաձեւերը կրկնող ընդդիմադիր երիտասարդները: Ընդ որում, վերջիններս այնքան են տարված իրենց մանտրաներով, որ եթե հանկարծ այդ բանաձեւերի մեջ փոքր-ինչ չտեղավորվող բառ լսեն նույնիսկ իրենց բարեկամներից, նրանց էլ «քրեաօլիգարխիկ» կհանեն:

Մարդու (ոչ միայն լրագրողի) ամենագնահատելի հատկություններից է ցանկացած խոսքի (նույնիսկ Լենինի կամ Նժդեհի, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի) քննադատական ընկալումը, ժողովրդական լեզվով ասած՝ հալած յուղի տեղ չընդունելը: Երբ դու լսում ես որեւէ հայտարարություն՝ լինի դա Ասադի կամ նրա հակառակորդների, վրացիների կամ ռուսների, իշխանության կամ ընդդիմության հրեշտակ թե հրեշ լինելու մասին, մի շտապիր հրճվել նրանց հռետորաբանությամբ: Գոնե կես ժամ կանգ առ եւ փորձիր վերլուծել, թե ով, ինչ եւ ինչի համար է ասում: Կես ժամ անկողմնակալ դատողությունը երբեմն նման է սառը ցնցուղի՝ սաունայից հետո: Առողջարար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031