Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Ես նման բան չեմ ասել»

Օգոստոս 18,2012 13:42

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է Լոնդոնում նվաճած արծաթե մեդալից, չնայած օլիմպիական խաղեր մեկնել էր չեմպիոնական տիտղոսի համար:
Խոսելով եզրափակչում ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ գոտեմարտի մասին, որում հայ ըմբիշը պարտվեց, Արսենն ասաց, որ այդ գոտեմարտում ինքն իրեն շատ լավ էր զգում: «Պարտեր դիրքում ես լավ էի պաշտպանվում եւ չպետք է գլորվեի: Բայց վերջին վայրկյաններին մրցակցիս հաջողվեց հնարքը կատարել: Իսկ երբ ես էի գրոհում, բռնվածքս շատ ամուր էր, եւ հնարք կատարելու համար մի փոքր շտապեցի», – ասաց Արսեն Ջուլֆալակյանն Aravot.am-ին: Հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ նա պարտվելուց հետո հայտարարել է, թե Վլասովը մարմնին յուղ էր քսել, ըմբիշը պատասխանեց. «Ոչ: Ես նման հայտարարություն չեմ արել: Այդ լրատվամիջոցներն են իմ խոսքերն իրենց հարմար ձեւով ներկայացրել: Երեւանից ինձ զանգահարեց լրատվամիջոցներից մեկի մի աղջիկ, եւ ես նրան ասացի, որ հնարքս չստացվեց, որովհետեւ մրցակիցս ձեռքիցս, ինչպես ասում են, պլստաց: Նա հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ մրցակիցս մարմնին յուղ քսած լիներ: Ես պատասխանել եմ` ի՞նչ իմանամ, գուցե: Իսկ նա գրել է, թե իբր ես այդպիսի հայտարարություն եմ արել»: Մեր վերջին հարցին, թե ճի՞շտ է, որ Վլասովը հայտարարել է, թե Արսեն Ջուլֆալակյանն իր կուռքն է, օլիմպիական արծաթե մեդալակիրը պատասխանեց. «Այո, ասել է եւ ոչ մեկ անգամ: Նույնիսկ տեսագրությունը կա` աշխարհի երիտասարդական առաջնությունից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031