Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես բացվեց «Դինո գոլդ մայնինգի» տեղեկատվական կենտրոնը

Օգոստոս 31,2012 18:30

 

Այսօր Կապանում պաշտոնապես բացվեց  «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ տեղեկատվական կենտրոնը, որին արտասահմանից  մասնակցելու էր եկել նաեւ «Դանդի Փրեշես Մեթալս» (Dundee Precious Metals) կորպորացիայի գործադիր փոխտնօրեն եւ արտադրական գծով գլխավոր տնօրեն Ռիք Հաուսը: «Դինո գոլդ մայնինգ» ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքով` տեղեկատվական կենտրոնը կնպաստի ընկերության գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու եւ թափանցիկ աշխատանքային վիճակ ստեղծելու ընկերության տնօրինության եւ աշխատակազմի,  իհարկե՝ նաեւ հասարակության միջեւ:

«Մեր համայնքը, մեր ժողովուրդը, Կապանի  քաղաքացին կկարողանա առանց պայմանավորվելու, առանց որեւ պատնեշի առջեւ գտնվելու գա կենտրոն, իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ստանալու ընկերության վերաբերյալ, իր մտահոգությունները հայտնելու, դիմելու մեզ, իր մտքերը, խոսքը  փոխանցելու մեզ:  Սա առաջին քայլն էր ստեղծելու այդ թափանցիկ փոխհարաբերությունը  բոլորի միջեւ, քանի որ այն Կապան քաղաքում պետք էր:  Թափանցիկությունը մեր հիմնարար արժեքների մասն է կազմում:  Մենք գաղտնիքներ չունենք,  բացահայտորեն ենք աշխատում, բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով, մարդկային ռեսուրսների, հանքում, ֆաբրիկայում անվտանգության գործող  բարձրագույն ստանդարտներով», – ասաց Հրաչ Ջաբրայանը:  Տեղեկատվական կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու եկած Ռիք Հաուսը նշեց, որ  կենտրոնի բացմամբ  Կապան համայնքի եւ «Դինո գոլդի» համագործակցությունը մեկ քայլ դեպի առաջ կգնա:  «Ինչպես գիտեք, մենք աջակցում ենք Կապանին  եւ  կշարունակենք լիովին աջակցել,  շատ շահագրգռված ենք համայնքի հետ միասին տքնաջան աշխատանք տանելու Կապանի ապագայի համար», -հավելեց Ռ. Հաուսը:

Բացման արարողության ժամանակ պատվոգրով պարգեւատրվեց նաեւ հանքարդյունաբերության ոլորտի ամենահին ներկայացուցիչներից մեկը` 87-ամյա Միշա Գրիգորյանը, հանքարդյունաբերության ոլորտում երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության համար, ով իր կյանքի 53 տարիները նվիրել է հանքարդյունաբերությանը` աշխատելով հասարակ բանվորից մինչեւ հանքի վարիչ:

Միշա Գրիգորյանը լեռնագործների ընտանիքում է մեծացել, հայրն ու մայրը լեռնագործներ են եղել, 18 տարեկանից  ինքն է անցել աշխատանքի, եղբայրն ու հորեղբոր տղաները նույնպես ժամանակին աշխատել են Կապանի պղնձահանքային կոմբինատում:  «Մեր մեծ տոհմն է աշխատել որպես լեռնագործ: Ինձ համար ցավալի է, որ իմ աշխատանքային ընկերներից ոչ ոք չկա այսօր, հարյուրավոր հանքափորներ, հազարավոր բանվորներ իմ աչքի առաջ շատ երիտասարդ հասակում կյանքին հրաժեշտ տվեցին: Պայմանները վատ էին, չոր եղանակով էին աշխատանքներ տարվում, սիլիկոզ հիվանդությամբ էին տառապում, ես այսօր միակ մարդն եմ, որ այդ հիվանդությանը բնորոշ հազ ունեմ, բայց ինձ բախտ է վիճակվել ապրել 87 տարի: Ամեն անգամ աշխատանքի վերջում մայրս  գալիս էր հանքի դիմացը կանգնում, որ ինձ տեսնի, չէր ճանաչում, փոշու մեջ կորած էի լինում, բոլորը վախենում էին իրենց հարազատների համար:  Ցանկանում եմ, որ այսօրվա կոմբինատում առաջին հերթին տեխանվտանգության պաշտպանությունը խիստ լինի»,- ասաց երկարամյա լեռնագործը  եւ ներկայիս կոմբինատի գործերին հաջողություն մաղթեց:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031