Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում էական խախտումներ չեն արձանագրվել. ՏԻՄ ընտրությունները հանգիստ են ընթանում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2012 14:08

 Այսօր կեսօրին Վանաձորի թիվ 30/28 ընտրատեղամասում քվեարկեց Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Թումանյանը: Թեկնածուն, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ մարտական է տրամադրված:

«Մարտական տրամադրվածություն ունեմ, կարծում եմ, որ մեր հասարակությունը իրապես որոշել է փոփոխություն կատարել: Ընտրվելու դեպքում հանրությանը շնորհակալություն կհայտնեմ այն բանի համար, որ իրապես կամք ունեցան փոփոխություն կատարելու: Հետո բոլոր խնդիրներին կանդրադառնանք միասին»:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը փաստեց, որ մինչ թեկնածուի` քվեարկություն կատարելը, խախտումներ չեն արձանագրվել, միայն արձանագրվել է, որ անձնագրերում դրվող դրոշմի թանաքը կարճ ժամանակ անց ցնդում է:

«Այն փոխարինվել է սովորական թանաքով: Ընտրողների հոսքը կայուն է, հերթեր չեն գոյանում»,-մեզ հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահը:

Իսկ մինչ այդ, առավոտյան «Առավոտն» ահազանգ էր ստացել այն մասին, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավարի թեկնածու Էդիկ Մանուկյանի կինը բացահայտ քարոզչություն է իրականացնում:

«Թեկնածուի կինը բացահայտ քարոզչություն է իրականացնում ընտրական տեղամասի առջեւ` մարդկանց ուղղելով հետեւյալ հարցը` գիտես, չէ, ում ես ընտրելու»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն համայնքի ավագանու անդամի թեկնածու Արփինե Մարտիրոսյանը:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930