Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պյոտր Առաջինի ռեֆորմը՝ մեր օպերային թատրոնում

Սեպտեմբեր 29,2012 14:05

«Համերգ ճեմասրահում» նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանը:

Պետրոս Առաջինի ռեֆորմներից մեկում գրված էր. «Թատրոն հաճախել այնպես, ինչպես պալատական պարահանդեսներին, հարգել թատրոնը»: Սա երկար ժամանակ կիրառելի էր ԽՍՀՄ-ում, երբ  թատրոն գնալը տոն էր՝ պարտադիր երեկոյան հանդերձանքով: Հայաստանում մոռացության տրված այս մշակույթը վերականգնելու լավագույն օրինակ էր օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Համերգ ճեմասրահում» նախագիծը: Սա պատասխան է տարածված այն մտահոգությունների ու խոսակցությունների, թե թատրոնի բեմը նորագույն բարձրակարգ տեխնիկայով վերազինելու՝ ամիսներ տեւող աշխատանքի ընթացքում իբր արտիստները կարող են պարապուրդի մատնվել: Նշենք, որ  բալետային ներկայացումները կայացել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, օպերայինը՝ առայժմ մարզերում, իսկ 79-րդ թատերաշրջանը բացվեց օպերային թատրոնում, սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան» գալա համերգով, օգտագործելով միայն նվագախմբի բարձրացված բեմը:

Անդրադառնալով կայացած «Համերգ ճեմասրահում» նախագծին, ինչպես «Առավոտին» հայտնեց օպերային թատրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը՝  միջոցառումը նախատեսված էր շուրջ 50 հանդիսատեսի եւ հրավիրյալների համար, որոնց նախապես զգուշացված էր երեկոյան հագուստի պարտադիր լինելու մասին: Նա վստահեցրեց, որ նախագիծը կունենա շարունակություն եւ հավելեց, որ այս համերգի մտահղացումն ու ծրագիրը հավանության է արժանացել թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից: Ի դեպ, նախագծի հեղինակն է Շվեյցարիայի Musik Hochschule-ում կատարելագործված թատրոնի նվագախմբի արտիստ, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը:

«Անկեղծ ասած՝ համերգից հետո մեր ոգեւորությունն էլ է մեծ: Առաջիկայում որոշել ենք անցկացնել թեմատիկ համերգներ՝ երաժշտությունը համեմելով ցուցադրվող կտավների հետ, հետագայում արդեն ընդգրկել նաեւ բալետային մինիատյուրաներ»,- հայտնեց պարոն Գրիգորյանը: Նա նշեց, որ ավելի շատ հանդիսատես ընդգրկելու նպատակով թատրոնի տնօրինությունը որոշել է առաջիկա կայանալիք  համերգներն անցկացնել ավելի մեծ ճեմասրահում:  Կարեն Դուրգարյանի հետ համերգին հնչեցին միջնադարյան երաժշտությունից, Կոմիտասից մինչեւ բարոկկո, համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների գործիքային եւ վոկալ ստեղծագործություններ:  Բարձրարվեստ կատարումներով հանդես եկան մեներգիչներն ու թատրոնի նվագախմբի արտիստների տարբեր կազմերով կամերային անսամբլները: Տպավորիչ էր «Հավիկ» հարության տաղի կատարման ժամանակ կամերային անսամբլի կազմում հանդիպել նաեւ հայկական վիոլա նվագարանին:  Մի հանգամանք եւս. մեզանում կոնֆերանսյեի ինստիտուտը մոռացության է տրված: Այդ երեկո թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը ստանձնել էր նաեւ այդ դերը, ու յուրաքանչյուր կատարումից առաջ համառոտ ներկայացնում էր նյութը:

«Առավոտի» հետ զրույցում ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, փոխտնօրեն Աննա Ասատրյանը, ճանաչված երաժշտագետներ Մարգարիտ Ռուխկյանը, Լիլիթ Երնջակյանը, ողջունելով այս մտահղացումը, ցանկություն հայտնեցին, որ նախագիծը  շարունակություն ունենա: Իսկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանն էլ ասաց, թե հիանալի կլիներ նախագծում ընդգրկել տաղանդավոր ուսանող երաժիշտներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930