Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի ու Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնները համատեղ նախաձեռնություններ են ծրագրում

Փետրվար 09,2023 13:30

Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին։ Նա ծանոթացել է թատրոնի եւ բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները։

Նինո Անանիաշվիլին և Շմավոն Գրիգորյանը

Նինո Անանիաշվիլին տարիներ շարունակ հանդիսացել է Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի բալետի առաջատար պարուհի, հանդես է եկել աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ համաշխարհային  բալետային գրականության գլխավոր մենապարերով։ 1989թ. Վրաստանի, իսկ 1995թ. ՌԴ ժողովրդական արտիստ է։ 2009թ., երբ պարուհին Երեւանում էր, մեզ հավաստիացրեց, որ ընդամենը երեք տարում բեմադրել է շուրջ 30 բալետային ներկայացում։ Ի պատասխան մեր զարմանքի, նա ասաց. «Հրավիրված էի աշխատանքի ԱՄՆ, երբ 2004թ. կառավարությունից ստացա հրավեր՝ ղեկավարելու թատրոնի բալետային խումբը։ Միայն դուք չէ, ամենուր զարմանում են, որ հնարավոր է երեք տարում իրականացնել այդչափ ներկայացումներ, ընդ որում՝ դրանցից մի քանիսը եղել են համաշխարհային պրեմիերա, այդ թվում՝ 19-20-րդ դարերի Մարիուս Պետիպայի, Ավգուստ Բերնոնվիլիի, Ջորջ Բալանչիի, Ֆրեդերիկ Էշտոնի եւ վրացական պրոֆեսիոնալ բալետի հիմնադիր Վախթանգ Ճաբուկիանիի դասական բալետային գլուխգործոցներ։ Նշեմ, որ բեմադրություններին մշտապես աջակցում է մեր կառավարությունը, գումարներ հատկացնելով նախագահական ֆոնդից նույնպես»։

Դեռեւս 2009-ին «Առավոտին» տված հարցազրույցում Նինո Անանիաշվիլին խոսել էր մի խնդրի մասին, որն այսօր էլ արդիական է նաեւ Հայաստանում. «Տղաներին չեն բերում բալետի դպրոց։ Ժամանակն է այդ մտածողությունը փոխել։ Մայրիկները պետք է համոզեն ամուսիններին, որ մեր մասնագիտությունը շատ առնական է։ Դե բարձրացրեք ձեռքի  վրա պարուհուն՝ ինչքան էլ նա փոքրիկ լինի, պահեք ձեռքի վրա, կարո՞ղ եք… Մեր տղաներն աղջիկներին ձեռքի վրա են տանում։ Եվ թագուհիներն են գեղեցիկ, եւ ջենթլմենները»։ Դիտարկմանն էլ, թե՝ ամբողջ մի կյանք պարել է «Բոլշոյ» թատրոնում, ընդհատելով խոսքը, մեր զրուցակիցը արձագանքել էր. «Ամբողջ կյանքս պարել եմ «Բոլշոյում», բայց երջանիկ եմ եղել, որ ներկայացնում եմ Վրաստանը։ Զարմանալու ոչինչ չկա, ես ինձ համարում եմ ռուս պարուհի, ինչը ինձ չի զայրացնում, քանի որ ես սկզբից մինչեւ վերջ սովորել եմ ռուս ուսուցիչների մոտ։ Ես վրացուհի եմ, ռուս պարուհի կլինեմ, բայց վրացուհի կմահանամ»։

«Առավոտը» կապվեց օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր եւ գլխավոր խորհրդական Շմավոն Գրիգորյանի հետ։ Նա նշեց, որ աշխարհահռչակ բալետի արտիստը շատ ուրախ էր, որ գտնվում է Հայաստանում, իսկ այցի նպատակը մեր թատրոնի հետ համագործակցության մեկնարկն է, որի շրջանակում պարուսույցների թիմ կգա Վրաստանից, Ռուսաստանից, կկազմակերպեն վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում։ «Նինո Անանիաշվիլին պատրաստ է կիսվել իր փորձով ու գիտելիքներով»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Հավելեց նաեւ. «2013թ. տիկին Անանիշվիլիի հրավերով Վրաստանի օպերայի եւ բալետի թատրոնում շուրջ 6 ամիս խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ «Ժիզել», «Շչելկունչիկ», «Ռայմոնդա» եւ այլն, գլխավոր դերապարերով բեմ է բարձրացել մեր թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը։ Ավելին՝ Վրաստանի թատրոնի հետ մեր արտիստը մասնակցել է հյուրախաղերի Իսպանիայում։ Կարճ ասած՝ սպասվում է երկու թատրոնների իսկապես արդյունավետ համագործակցություն»,- խոսքը եզրափակեց Շմավոն Գրիգորյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728