Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանեկությունը՝ իր դժվարություններով

Հոկտեմբեր 02,2012 17:53

Պատանեկությունը հարցերի, կասկածների և ընտրության տարիք է, երբ պատանիները սկսում են բացահայտել աշխարհն` իր լավ ու վատ կողմերով, ճանաչել սեփական անձն ու կողմնորոշվել կյանքում: Այդ տարիքում ի հայտ են գալիս բազում հարցեր, օրինակ` «ո՞վ եմ ես», «ի՞նչ եմ ուզում», «ի՞նչ եմ դառնալու», «ո՞ւմ կարծիքը հաշվի առնեմ», «ո՞րն է իմաստը իմ կյանքի» և այլն: Հարցեր, որոնց պատասխանները կա´մ ուշ են գտնվում, կա´մ այդպես էլ չեն գտնվում: Սեռական հասունության և պատանեկության փուլում պատանին ապրում է ապագայով և ոչ թե` ներկայով: Ոմանք պնդում են, որ պատանեկությունը լի է կենսուրախությամբ, հետաքրքիր և աշխույժ պահերով, ոմանք էլ, ընդհակառակը, այն համարում են ամենաբարդ տարիքը, որը նկարագրվում է անկայունությամբ` մե´րթ վերելքներով, մե´րթ վայրէջքներով: Բազմաթիվ մասնագետների համոզմամբ, հատկապես 14-19 տարեկանում ի հայտ են գալիս անհատականությունը խաթարող տարբեր խնդիրներ (օրինակ` ծխելը, թմրանյութերի և ոգելից խմիչքների օգտագործման վտանգը և այլն), իսկ պատանիների սխալները, մասնագետների հավաստմամբ, կատարվում են ոչ գիտակցաբար, ինչն էլ երբեմն դառնում է ճակատագրական: Հենց այդ փուլում էլ նրանց կյանքում մեծ դեր են խաղում շրջապատն ու ընկերների կարծիքը, որոնց հետ նրանք հաճախ ստիպված են հաշվի նստել կամ դրանք ձևական ընդունել, կամ էլ. նեղանալ և հեռանալ այդ շրջապատից: Ռումինացի հոգեբան Միահայելա Ռադուն պատանեկությունը համարում է կրիտիկական, քանի որ 14-19 տարեկանում, նրա պնդմամբ, երեխաները հասունանում են, սկսում են նայել աշխարհին այլ աչքերով` վերջնականապես ձևավորվելով որպես անհատ: Իսկ որևէ սխալ դաստիարակության, բռնության կամ տհաճ, ստորացնող, անհանգստացնող, հանգամանքի առկայության դեպքում պարարտ հող է ստեղծվում հոգեբանական տարբեր խնդիրների համար: «Պատանեկությունը մանկության և հասուն տարիքի միջև ընկած հատվածն է (12-13 և 18-19 կամ 20 տարեկան), որն աղջիկների մոտ ավելի վաղ է սկսում, քան տղաների, և ուղեկցվում է ֆիզիկական ու հոգեբանական փոփոխություններով: Իսկ 11-15 տարեկանում տեղի ունեցող սեռական հասունացումը նշանակալի դեր է խաղում ձևավորվող անհատի ապագա կյանքում», – մեզ հետ զրույցում ասում է Միհայելա Ռադուն` ընդգծելով, որ, այնուամենայնիվ, պատանեկությունը, որպես կենսահոգեկան և սոցիալական ամբողջական երևույթ, բնութագրվում է անկախությամբ, սակայն այն լի է կոնֆլիկտային իրավիճակներով և հոգեպաթոլոգիկ ախտանշաններով: «Այդ ճգնաժամային իրավիճակներն առաջանում են դաստիարակության, սիրո պակասի դեպքում, որի պատճառով պատանին իրեն զգում է նյարդային, անհանգիստ, բարդութավորված` այդպիսով մեկուսանալով արտաքին աշխարհից (թեպետ դեպքերը կարող են տարբեր լինել)»,  – բացատրում է մասնագետը` ավելացնելով, որ այդ տարիքում պատանիները, կախված արտաքին և ներքին միջավայրից, իրենց կարող են զգալ հասուն, երբեմն էլ` ծեր, ինչն արդեն խոսում է հոգեբանական խնդրի առկայության մասին:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031