Լրահոս
Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլի. «Վրաստանի դեսպանը գիտի, որ իմ նկատմամբ ճնշումները շարունակվում են»

Հոկտեմբեր 05,2012 16:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Վաժա Ազիարաշվիլու, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի եւ Աբգար Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ այս գործը առնչվում է Ազգային գրադարանից 150 միավոր (7 մլն 500 հազար դրամ վնաս) ռուսերեն հնատիպ գրքեր գողանալու գործի հետ:

Այսօր ցուցմունք տվեց Վաժա Ազիարաշվիլին, որը նախ հայտարարեց, որ բռնվելու օրվանից մինչ օրս իր նկատմամբ կիրառվում են բռնություններ եւ որ օրը 3 անգամ խուզարկություն է կատարվում իր խցում: Նա նաեւ ասաց, որ Վրաստանի դեսպանը, աշխատակազմը տեղյակ են այդ մասին, որ իր վրա ճնշումներ են գործադրվել եւ գործադրվում են: Պաշտպանական կողմի հարցին, թե ինչ ճնշումների մասին է խոսքը եւ ինչ են ստիպում անել, վրացի փորձագետը, որը մեր դատարանում հանդես է գալիս որպես հնատիպ գրքերի գնորդ եւ բժիշկ, ասաց, որ իրեն ստիպում են ասել, որ Երվանդ Համբարյանին ինքը 20 հազար դոլար է տվել, որպեսզի տա գրքեր: Վաժա Ազիարաշվիլին ասաց, որ ճնշումներն իր վրա այնքան շատ են, որ ինքը կարող էր Բեն Լադենի վրա էլ գրել:

Վաժա Ազիարաշվիլին իր ցուցմունքում ասաց, որ Հայաստան է եկել, որպեսզի իմանա, թե ինչ վիճակում են Հայաստանի Ազգային գրադարանում գտնվող գրքերը: Նա ասաց. «Սաղ աշխարհը գիտի՝ Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, թե ինչ վիճակում են Հայաստանում գրքերը: Իրականում ինձ հետաքրքրում էր՝ այդ գրքերը այրո՞ւմ են, թե՞ մակուլատուրա հանձնում: Ես գնորդ եմ, ոչ թե գող եւ ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես այդպիսի հոդվածի արժանի չեմ»:

Վաժա Ազիարաշվիլին ասաց, որ ցանկացած երկրում եթե ֆինանսավորում չկա, գրադարանը ինքն է վաճառում հնատիպ գրքերը: Մասնավորապես նա տեղեկացրեց, որ 2007-08թթ. Վրաստանի ազգային գրադարանում վաճառել են 45-50 հազար դոլարի գիրք եւ այդ գումարները ներդրել գրադարաններում: Նա ասաց, որ Հայաստանի Ազգային գրադարանի գրքերը գտնվում են վատ վիճակում եւ ոչ ոք չէր մտածում դրանց մասին. «Որպեսզի հասկանալի լինի՝ ասեմ, որ վերջին մոդել «Մերսեդես» ավտոմեքենան ավելի թանկ է, բայց եթե վթարի է ենթարկվում, ամբողջովին ավերվում է, կարող եմ լավ վիճակի բերել: Ինձ ամենաքիչը 6-7 ամիս էր անհրաժեշտ, որ բուժեի գրքերը: Եթե 1 գիրք սնկային հիվանդություն ունի, իսկ հեռավորության վրա կան այլ գրքեր, դրանք ավտոմատ վարակվում են: Գին չունեն գրքերը, եթե դրանք վիրուսակիր են: Կարող եք բերել մասնագետ եւ հարցնեք»:

Նա ասաց, որ Ազգային գրադարանի բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանին $6000 է տվել եւ գնել 17 գիրք: Պաշտպաններից մեկի հարցին, թե ունի՞ ցանկ, թե ինչ գրքեր էր նախընտրում, Վաժան պատասխանեց. «Կովկասում 5 անձ գիտեն այդ գրքերի ցանկի մասին», եւ որ ինքը հիմնականում գնել է ռուսերեն հնատիպ գրքեր, որ չլինեն վրացերեն, հայերեն:

Ի դեպ, Վաժա Ազիարաշվիլին նկարագրեց, թե ինչպես են իրեն ձերբակալել Կարեն Հովհաննիսյանի «07» ավտոմեքենայում: Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել էր դանակ, լամպ, լինգ, բանալիներ: Դանակի հետ կապված նա ասաց, որ իրենն է եւ այն խաղալիք է: Իսկ թե ինչպես է հանդիպել Երվանդին, «մեր դատարանի հյուրը» պատասխանեց. «Կագդա յա վստրետիլ եվո, տագդա ուժե զնալ…»: Մի քանի անգամ ռուսերեն բառեր օգտագործելու ժամանակ դատավորը փորձեց ճշտել, թե արդյոք անհրաժե՞շտ է ռուսերեն թարգմանիչ հրավիրել: Վաժան հրաժարվեց:

Ամբաստանյալիների բոլոր պաշտպանները հարցաքննել են Վաժային, դատարանը տվել է կես ժամ ընդմիջում, ընդմիջումից հետո նրան կհարցաքննի մեղադրող Աշոտ Նադոյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031