Լրահոս
Օրվա լրահոսը

Հնատիպ գրքերի «բուժակը»՝ Վրաստանի ոստիկանության օպեր-լիազոր

Հոկտեմբեր 05,2012 17:09

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11.30-ից մինչեւ 16.00-ն տեւեց ՀՀ Ազգային գրադարանից եւ ԵՊՀ գրադարանից 150 միավոր հնատիպ գրքեր գողանալու գործով մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու ցուցմունքն ու հարցաքննությունը: Մեղադրող Աշոտ Նադոյանի հարցաքննության ժամանակ նա դարձյալ պնդեց, որ իր նկատմամբ բռնություններ են եղել եւ ինքը ստիպված վերցրել է պաշտպան, որպեսզի իրեն ահավոր չծեծեն: Դատախազի այն հարցին, թե արդյոք այդ կապակցությամբ դիմե՞լ է իրավապահ մարմիններին, բողոքել է, Վաժա Ազիարաշվիլին ասաց, որ ոչ: Մեղադրողի այն հարցին, թե ինքը նախկինում դատապարտվե՞լ է Վրաստանում «գրքերի գործով», պարզվեց, որ դատապարտվել է Վրաստանի քրօրի 186 հոդվածի համաձայն: Սակայն, ըստ Վաժայի, ինքը դատապարտվել է գիրք գնելու համար: «Ով վճարում է, գողություն չի անում»,- ասաց նա: Պարզվեց, որ Վաժա Ազիարաշվիլին Վրաստանում ունի գրքերի խանութ, ուր բերում էին հնատիպ գրքեր դարձյալ գրադարանի աշխատակիցները: Նախկինում նա եղել է Վրաստանի ոստիկանության օպեր-լիազոր: Նա, ինչպես ինքը հայտնեց, զրո արժեքով սնկային հիվանդություն ունեցող հնատիպ գրքերը «բուժել» է, ապա վաճառել թանկ գնով: Միայն 1500 դոլարի գիրք է գնել Մաշտոցի պողոտայի վրա գտնվող խանութից: Իր ասելով՝ ինքը 17 գիրք է գնել $6000-ով ԵՊՀ գրադարանի վարիչ Հասմիկ Դուրգարյանից:

Դատախազը տեսնելով էական հակասություններ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ, միջնորդեց, որպեսզի հրապարակվեն Վաժայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Նախաքննության ժամանակ նա ասել էր, որ 70 գիրք է գնել ռուսերեն՝ 15 հազար դոլարով եւ այն տարել է Ուկրաինա՝ վաճառելու: Դա 2011թ. հոկտեմբերին էր: Նա ծանոթացել է գրադարանի ոստիկանության աշխատակից Երվանդ Ղամբարյանի հետ եւ ուներ վարորդ՝ Կարեն Հովհաննիսյանը, որը ողջ օրը սպասարկել է իրեն: Ըստ նախաքննության ցուցմունքի, 200 դոլար էլ տվել էր Ազգային գրադարանի ոստիկանին…

Ըստ նույն ժամանակ տված ցուցմունքի, միայն Երվանդից $20000-ի գրքեր էր գնել՝ 345 միավոր գիրք, 1800-1850թթ. տպագրված: Առաջին երկու ցուցմունքի ժամանակ նա եղել է վկայի կարգավիճակով, 3-րդ ցուցմունքի ժամանակ կասկածյալ էր, իսկ այս տարվա հունվարի 24-ի ցուցմունքը նա տվել էր մեղադրյալի կարգավիճակով:

Վազա Ազիարաշվիլին ասաց, որ Երվանդ Ղամբարյանի դեմ ցուցմունքները տվել է, քանի որ ոստիկանությունում իրեն ծեծում էին եւ պատրաստ էր Քենեդու սպանությունն էլ իր վրա վերցնել (պաշտպանական կողմի հարցաքննության ժամանակ ասաց, որ պատրաստ էր Բեն Լադենի սպանությունն իր վրա վերցնել): Նա իրեն մեղավոր չէր ճանաչում եւ նորից պնդեց, որ ոստիկանության շենքում «պոլիցեյշնի» ձերբակալելուց անմիջապես հետո իրեն սկսել են ծեծել, ոտքերի տակ էին խփում, իսկ իր պաշտպանն էլ՝ Սարգսյան ազգանունով, խոստացել էր, որ երկու օրից կազատվի եւ հորդորել էր ավելորդություններ դուրս չտալ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակեց 4 նիստ միաժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, 9, 15-ին եւ 16-ին: Այս անգամ պաշտպանական կողմը չհանեց իր ծոցատետրը եւ չառարկեց ժամանակացույցը՝ ինչպես որ լինում է գրեթե բոլոր դատարաններում, գրեթե բոլոր դատական նիստերում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031