Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ ԵԽԽՎ-ի ընդունած կոշտ բանաձևին կհաջորդի զեկույցը

Հոկտեմբեր 10,2012 12:31

«Բնակչության իրավիճակը այն տարածքներում, որոնք տուժել են ռուս-վրացական պատերազմից» թեմայով զեկույց պատրաստելու նպատակով հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում է գտնվում ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով հանձնժողովի անդամ Թինա Ակետոֆթը:

Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, զեկուցողն իր մոսկովյան այցի շրջանակներում հիմնականում հանդիպումներ կունենա Մոսկվայի իշխանական օղակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ընդհանրապես Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի կիզակետում էր: ԵԽԽՎ նստաշրջանի 2-րդ օրը Վեհաժողովը Ռուսաստանի կողմից ԵԽ-ի նկատմամբ վերջին յոթ տարիների ընթացքում իր պարտականությունների թերացմանը վերաբերող բանաձև ընդունեց: Բանաձևը սուր քննադատության ենթարկեց 2012թ. ռուսական խորհրդարանի կողմից ընդունած մի շարք օրենքներ: Մասնավորապես, խոսքը «օտարերկրյա գործակալների» և բանսարկության համար նախատեսված քրեական պատասխանատվության, ինչպես նաև համացանցում տեղեկության վերաբերյալ օրենքների մասին է: Բանաձևի հեղինակները կոչ են անում նաև Մոսկվային վերանայել Pussy Riot խմբի նկատմամբ կայացրած դատավճիռը, դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները: ՌԴ-ին կոչ արվեց նաև չեղյալ համարել Հյուսիսային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման փաստը:

Մինչ բանաձևի ընդունումը նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակներն իրենց մտահոգությունը հայտնեցին Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության առիթով: Օրինակ՝ ռումինացի պատվիրակ Գեորգի Ֆրունդան իր մտահգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ բազում սպառնալիքներ են գրանցվել ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետ Տանյա Լոկշինայի նկատմամբ: Նա Վեհաժողովին ահազանգեց. «Ես մտահոգված եմ այն վայրենի մթնոլորտով, որ տիրում է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Տիկին Լոկշինայի բջջային հեռախոսին ուղարկված սպառնալիքները անթույլատրելի են: Այն փաստը, որ սպառնալիքները վերաբերում են նրա անձնական կյանքին, կասկածներ են հարուցում, որ այդ գործում անվտանգության մարմինների մատը խառն է: Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն նշված իրավիճակը շտկելու համար»:

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի նկատմամբ ընդունված բանաձևով Վեհաժողովը «ՌԴ իշխանություններին պարտավորեցնում է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ իրականացված վիրավորանքի և ճնշումների կապակցությամբ հետաքննություն և դատական կարգով պատժել հանցագործներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031