Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարտակ Վարդանիչը պատրաստվում է արջի խորոված պատիվ տա՞լ Սամվել Բալասանյանի ինագուրացիային

Նոյեմբեր 11,2012 20:24

Սպարտակ Վարդանիչը մաքսակետում է հայտնվել ճիշտ այն ժամանակ, երբ մի քանի մետր հեռավորության վրա` շուռ էր եկել Թուրքիա ուղևորվող ավտոբուսը

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Բավրայի մաքսակետն անցնելիս, ոստիկանները բռնել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետախուզման մեջ գտնվող որդուն` Սպարտակ Ղուկասյանին, որը վերադառնալիս է եղել հարևան Վրաստանից:

Հետաքրքիրն այն է, որ Սպարտակ Վարդանիչը մաքսակետում է հայտնվել ճիշտ այն ժամանակ, երբ մի քանի մետր հեռավորության վրա` Ղազանչի գյուղի մոտակայքում թոհուբոհ էր. շուռ էր եկել Թուրքիա ուղևորվող ավտոբուսը, ու Աշոցքի ոստիկանության գրեթե բոլոր աշխատակիցները դժբախտ պատահարի վայրում էին: Այդուհանդերձ , նրանք բերման են ենթարկել Սպարտակ Ղուկասյանին ու ամբողջ գիշեր Աշոցքի ոստիկանությունում պահելուց հետո՝ այսօր արդեն ուղարկել էին Գյումրու ոստիկանություն, որտեղ էլ մի քանի ժամ հարցաքննելուց հետո պատվով տուն էին ճանապարհել:

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված է քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով ` խուլիգանություն կատարելն ու ապօրինի զենք, զինամթերք պահելն ու կրելը: Վերջինս մեղադրվում է երկաթգծի Նորավան թաղամասից ավագանու թեկնածու առաջադրված , այժմ արդեն ավագանու անդամ ընտրված Էդգար Մկրտչյանի շրջապատի տղաների հետ կռիվ սարքելու, այնուհետ քաղաքի կենտրոնում կրակոցներ հնչեցնելու պատճառով: Իսկ կռվի թեման այն էր, թե ինչո՞ւ է իր վաղեմի ընկեր Էդգարը սատարում Սամվել Բալասանյանին:

Այս գործով կան 3 ձերբակալվածներ, ընդ որում՝ նրանցից մեկը Ղուկասյանի թիկնապահ Հարությունն է: Թե ինչո՞ւ են Ղուկասյանի որդուն ազատ արձակել, երբ նույն հոդվածներով մյուսները դատապարտված են ազատազրկման, այս հարցի պատասխանը մեզ այսօր չհաջողվեց ճշտել Շիրակի մարզի քննչական բաժնից . խորհուրդ տվեցին իրենց դիմել վաղը:

Սակայն, բոլորին հուզող այս հարցի պատասխանը քննչականի փոխարեն Facebook-ում փորձել են տալ կատակասեր գյումրեցիները: Ըստ նրանց, արջաորս Սպարտակը հարևան երկրից իր հետ հաստատ վայրի արջ է բերել ու նվիրել ոստիկանությանը, ուստիև նրա «խաթրին» չեն կպել: Օգտատերներից մեկը`«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը Facebook-ի իր էջում գրում է. «Այս պահին Գյումրիում մեծ շուքով նշում են ամենակարող Սպարտակի արջի որսից հաղթական վերադարձը: Գնանք, արջի թարմ միս ուտենք, առանց էդ էլ սիրտս արջի մսով խորոված էր ուզում»:Մեկ այլ օգտատեր էլ պատասխանում է. «Աչքիս գնաս, արջի տեղ քեզ խորոված անեն» : «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ, հիշեցնելով, որ վաղը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի ինագուրացիան է, հեգնում է . «Յեկուց երդման տեղը թեւածելու է «չես վայելե» լեյթմոտիվը»: Նա նաև հավելում է. «Կա-չկա` հանձնում-ընդունումը մեղմացնելու հրամանն էլ հետն է բերել»:

Իսկ որ ամենահետաքրքիրն է , այս քննարկումներից դուրս Լևոն Բարսեղյանն իր էջում գրում է. «Ռեմբրանտ Վան Ռեյն, կորսված նկարների շարքից. «Արջաորս որդու վերադարձը»: Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին արջաորս անունը կնքեց հենց նրա հայրը`Վարդան Ղուկասյանը, որը ԱԺ-ում լրագրողների այն հարցը , թե ո՞ւր է Սպարտակը , պատասխանել էր. «Գնացել է արջ որսալու, հենց եկավ, առաջինը ձեզ ձեն կհանեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930