Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների ընտանիքներին բնակարաններ հատկացնելու փոխարեն նախարարությո՞ւնն են «ջիփախեղդ» անում

Նոյեմբեր 16,2012 14:56

Գյումրեցի զոհված ազատամարտիկների կանայք բաց նամակ են հղել երկրի նախագահին

Երեկ նրանք  մամուլի ասուլիս էին հրավիրել՝ բողոքելով, որ  պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ ուշադրություն չի դարձնում  իրենց բնակարանային խնդրի լուծմանը: Զոհվածների ընտանիքները   թեեւ 2003-2006 թվականներին դիմում են ներկայացրել՝ ընդգրկվելով այս գերատեսչության բնակարանային բարելավման  ցուցակում, սակայն կամ փաստաթղթերն են կորցրել, կամ էլ խորհուրդ են տվել գնալ-նստել ու իրենց հերթին սպասել: «2009 թվականին ես գնացի նախագահական, ինձ ասացին՝ գնացեք, մինչեւ ձեր հերթը հասնի, բայց էդպես էլ սպասում ենք, այս ծրագրով 8 հոգու տվեցին բնակարաններ, որն էլ  անհասկանալի մնաց բոլորիս, նրանք չունեին զոհվածի կարգավիճակ, ավելին՝  ունեին սեփական բնակարաններ: Ահա թե ում է հասնում այս ծրագիրը, իսկ իմ փաստաթղթերը կորցրել էին, կրկնակի անգամ եմ տարել դրանք»,- վրդովվեց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկի այրի Լիլիկ Ասլանյանը: Կանանց նկարագրելով՝ նրանցից յուրաքանչյուրը ապրում է  խղճուկ պայմաններում, մի քանի քառակուսի մետրի մեջ, որը կամ վթարային է, կամ  խոնավ, իսկ որ ամենաահավորն է՝ իրենց սեփականությունը չէ: Կանայք վրդովված  էին իրենց հանդեպ ցուցաբերած քար անտարբերությունից:  Մատաղիսում վիրավորված ու ոտքերի անդամահատությունից հետո մահացած  ազատամարտիկ Սերյոժա Հակոբյանի այրին՝ Քնարիկ Հակոբյանն էլ նեղված է, որ ապրում է սկեսրանց տանը, որը բաժանված է  4 ժառանգների միջեւ, շնչելու տեղ չկա,  իր տղաներն էլ մեծացել են,  մինչդեռ  նախարարության մտքով անգամ չի անցնում բնակարանային   հարցը լուծել: «Ձեն-ձուն չկա, 2006 թվականից թղթերս տվել եմ, բայց ինչպես ասում են՝ նստել ենք թախտին, սպասում ենք բախտին: Եթե իմ ամուսինը կենդանի լիներ, տասը մատ ուներ, տասն էլ արհեստ ունեին, կկարողանար  տնով ապահովել իր տղաներին, հիմա նախարարությունը ոչնչով մեզ չի օգնում: Էնքան վիրավորական է, երբ որեւիցե մի հարցով դիմում ես, ասում են՝ զզվեցրիք կրկնելով՝  զոհված, զոհված, զոհված, թող չգնար՝ չզոհվեր, ո՞վ էր խնդրել: Բայց իմ ամուսինը  հայրենիքի  համար կյանքը չխնայեց. երբ մահացավ, տղաս 5 տարեկան էր, ամուսնուս փակ դագաղով բերեցին, բա դա պատասխա՞ն է»: Տիկինը նաեւ նեղսրտեց, որ իր տղաներին մեծացրել է մի կերպ՝ սոված օրեր քարշ տալով, բայց  ոչ միայն որեւէ հարցով չեն ընդառաջել, այլեւ մի բան էլ խանգարել են: Նա առեւտուր է արել  Գյումրու  «Լաչինի միջանցք» կոչվող բաց տարածքում, սակայն մի գեղեցիկ օր  վտարել են, թե՝ առեւտուրն  արգելված է այդտեղ:

Սպանված զինվորի մայր Անահիտ  Առաքելյանն էլ փաստեց, որ հերթացուցակում կան այնպիսի մարդիկ, որոնք ընդհանրապես  զոհվածի կարգավիճակ չունեն,  սակայն կարողացել են  իրենց հարցերը առաջնակարգ ու ապօրինի ձեւով լուծել: Ավելին՝ բնակարան ստացողները հերթագրվել էին  իրենցից հետո՝ 2007, 2008 թվականներին: «Մեզ կառավարությունը տեղեկանքներ տվեց, որտեղ  հստակ նշված էր, որ կարող էինք  օգտվել բոլոր զեղչերից ու արտոնություններից:  Շատ գոհ  ու շնորհակալ  էինք, բայց  մի քանի տարի կիրառվեց, ու,  չգիտես ինչու, վերացրին: Կառավարությունը երեւի շատ համարեց՝ մտածելով, որ տարեցտարի զոհվածների ընտանիքները  կարող են բարգավաճել: Հիմա ոչ մի  բանից չենք օգտվում, եթե ուզենք ձայն բարձրացնել՝ քնած որեւիցե մի պաշտոնյայի արթնացնել, կդառնանք խեղկատակներ»,- ասում է տիկին Անահիտը, ով ազատամարտի վետերանների կանանց խորհրդի միության նախագահն է: Նրա պատմելով՝  ինքն անձամբ է հանդիպել  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով, սակայն, խորհուրդ է տվել գնալ ու սպասել: «Բայց  ե՞րբ կհասնի էդ առաջ չշարժվող հերթը՝ Աստված գիտի, անհարմար եմ զգում, որ սպանված զինվորի մայր  եմ, ես էդ անունից ինձ վատ եմ զգում,  գիտեք ի՞նչ տեսանկյունից, որ արհամարհված ես, ես երեխա էի տվել բանակին, որ 3 ամիս հետո սպանված վերադարձնե՞ին»,- հուզվում է նա:

Տիկնայք բաց նամակ են հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես գրված է. «Հարգելի պարոն նախագահ, Ձեզ դիմում ենք բաց նամակով, որովհետեւ այլ միջոց չենք տեսնում նամակները ինչ-որ կերպ ձեզ հասանելի դարձնելու համար: Բազմիցս դիմել ենք գրավոր նամակով, բայց հավատացեք՝ այն երբեք չի ուսումնասիրվել, պարզապես մակագրվել, ուղարկվել է պատկան մարմիններին, չինովնիկական  աստիճաններով իջել է, տրվել շաբլոն պատասխան (Ձեր հերթը այսինչ համարն է…): Այսինքն՝ կարելի է համապատասխան  համակարգչային ծրագիր կազմել եւ նախագահին ուղղված բոլոր դիմումներին նման կերպ պատասխանել… Իսկ զոհված  ազատամարտիկի  ընտանիքից նախագահին ուղղված դիմումը հենց այնպես գրություն չէ, այն պարունակում է ճակատագրայնորեն անհրաժեշտություն  եւ ենթադրում է  լուրջ մոտեցում»: Այնուհետ նշելով, որ բարելավումների առաջնահերթությունը, մեղմ ասած,  չի պահպանվում  Գյումրիում ու Շիրակի մարզում, տիկնայք գրում են. «Հատկապես վիրավորական է այն, որ մեր կառավարությունն ամեն ինչի համար միջոցներ գտնում է, իսկ զոհված ազատամարտիկի ընտանիքի գոնե բնակարանային  խղճուկ պայմանները  որոշակի բարելավելու համար միջոցներ չի գտնում: Բավական է մի տեղ փոքր խնայողություն անել (իսկ այդպիսի տեղերն անչափ են, չենք ուզում մատնացույց անել), հարյուրավոր ընտանիքների հոգս կարելի է հոգալ: Մենք չենք ուզում որեւէ արդարացում լսել, ցանկացած հարցի ինչ-որ ձեւով կարելի է պատասխանել, ինչ-որ թվեր ասել… Գիտենք, որ 2003-2009 թվականներին բավական մոտեցում ցուցաբերվել է, հարցն այն է, որ վերջին 2 տարին համարյա ոչինչ չի արվում, արվածը համարյա ոչինչ է: Մեզ չի հետաքրքրում նաեւ կառավարություն-ՊՆ հարաբերությունը, գուցե կառավարությունը հատկացնում է, ՊՆ-ն ավելի կարեւոր ծախսեր է հոգում… ՊՆ «ջիփերի» առատության եւ այլնի վրա… Զոհված ազատամարտիկների ընտանիքները այդքան շատ չեն, եւ այդ գումարները  այդքան սարսափեցնող թիվ չեն կազմում, դրանք չնչին գումար են տասնյակ  բնագավառներում աղաղակող չարաշահումների ֆոնին, տասնյակ բնագավառներում միլիոններ հատկացնելու, փոշիացնելու ֆոնին»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930