Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոմանտիզմով գյուղատնտեսություն չեն զարգացնում»

Նոյեմբեր 30,2012 13:28

Ազատանցի Գեւորգ Աբրահամյանի կարծիքով՝ Շիրակում գետնանուշ ու հնդկաձավար ցանելով՝ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի ճակնդեղի օրը կընկնեն:

Նախորդ շաբաթ Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի պաշտոնական բացման ժամանակ նորանշանակ հյուպատոս Սոս Սահակյանը, որը նաեւ ճանաչված գործարար է, տեղեկացրեց, որ ուկրաինական կողմի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Շիրակի դաշտավայրում գետնանուշի եւ հնդկաձավարի արտադրություն ծավալելու: Երեկ «Առավոտ»-ը Շիրակի մարզի ամենաբերրի հողատարածքներ ունեցող գյուղի՝ Ազատանի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հնարավոր այս մշակաբույսերի աճեցումը Շիրակի մարզում: «Իհարկե, գաղափարը շատ լավն է, բայց վախենանք՝ սա էլ Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի համար արտադրվող ճակնդեղի օրը ընկնի: Ալեքսանյանն էլ՝ ոգեւորված, առանց ավելորդ ծախսեր անելու, առանց հողի բաղադրությունն ուսումնասիրելու, ուզում էր գյուղացիներին ստրուկի գնով աշխատեցներ ու միանգամից բերք ստանար, բայց Արեւիկում 60 հեկտար հողատարածք ցանելուց հետո հասկացավ, որ ռոմանտիզմով գյուղատնտեսություն չեն զարգացնում: Ասեմ, որ գետնանուշն ու հնդկաձավարը աճում են մեղմ ու խոնավ, սեւահողեր ունեցող բնակլիմայական պայմաններում, այսինքն՝ այնպիսի երկրում, ինչպիսին Ուկրաինան է, իսկ կոնկրետ մեր դաշտավայրը դեպի անապատացում է գնում, անձրեւի ու ջրի կարոտ ենք: Չեմ կարծում, թե գյուղացիների համար եկամտաբեր բիզնես կլինի, բայց եւ չեմ ուզում թերահավատորեն մոտենալ առաջարկին: Միգուցե եւ լինի, ի վերջո՝ կարելի է ցանկացած բերք էլ աճեցնել, եթե ծախս անեն ու համապատասխան տեխնիկա գնեն, մի քիչ էլ մեր կառավարությունը պետք է շահագրգռված լինի, գյուղացու մասին որոշակի չափով մտահոգվի. էսօր մեր հողերը էնքան սննդազուրկ են, բաղադրության մեջ, նախկինի պես, չկան ֆոսֆորատ, կալցիում, հանքային պարարտանյութեր, որ գյուղատնտեսական ինչ-որ մշակաբույս զարգացնելու մասին խոսելն անիմաստ է: Այ, սրա մասին պիտի մտածեն, ոչ թե գյուղատնտեսության մասին խոսեն կաբինետային տերմիններով. պաշտոնյան պիտի ԽՍՀՄ տարիների պաշտոնյայի պես լինի, ոչ թե ադմինիստրատիվ աշխատող, այլ գյուղացու պես հողերի մեջ մտնի, որ դառնությունը զգա: Այլապես Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը անիմաստ գործ է, եթե սխալվես՝ հայկական բանկերի հետ գործ բռնես, միակ քյարդ կլինի այն, որ տարիների ընթացքում գնած տեխնիկան պիտի ծախես, որ բանկիդ վարկերը փակես»,- ասաց ավագանու՝ մասնագիտությամբ լրագրող, սակայն գյուղատնտեսությամբ զբաղվող անդամը: Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ գյուղատնտեսությունն այսօր դարձել է հանրապետության ամենաարդիական եւ միաժամանակ ամենամեռած թեմաներից մեկը: Ըստ նրա՝ ոչ մեկին չի հետաքրքրում, թե գյուղացին ինչ մշակաբույս է ցանում, որտեղ է իրացնում, ինչպես է շուկա գտնում. «Եթե ժրություն չունեցար, մի քիչ խեղճ եղար, տեղում կդոփես: Ես մի հարց եմ ուզում ուղղել գյուղնախարար Սերգո Կարապետյանին. հարգելիս, սեպտեմբերին հյուընկալվելով հանրային հեռուստաընկերությանը՝ հայտարարեցիք, թե պայմանագրեր եք կնքել Վրաստանի եւ Իրաքի հետ կարտոֆիլը արտահանելու համար: Էնպես կնքեիք էդ պայմանագիրը, որ մի քիչ էլ մենք զգայինք ձեր փաստաթղթի զորությունը, էսօր փաստացի մեկ հեկտարի վրա 2-3 միլիոն ես ծախսում, բայց ստիպված ես լինում խոշոր պարենային, մթերային կարտոֆիլը 80 դրամով վաճառելու, արտադրում ես՝ առանց եկամուտ ստանալու: Եթե էդքան լավ պայմանագրեր եք կնքում, ապա ինչո՞ւ են ազատանցիները, որոնք հանրապետությունով մեկ հայտնի են իրենց կարտոֆիլագործությամբ, թողնում ու հերթով ուր ասես՝ հեռանում՝ էլ Սիբիր, Յայուկտյա, Սախալին»: Գեւորգ Աբրահամյանի խոսքերով՝ Վրաստանից իրենց գյուղ ընդամենը մի քանի մեքենաներ են եկել ու կարտոֆիլ գնել, բայց զգալի է եղել, որ գնումները պետական պայմանագրերի կնքման արդյունքում չեն. «Ես վստահ եմ՝ եթե պետական թույլտվություն լինի, մեր կարտոֆիլը արագ կսպառվի Վրաստանում, լավ էլ կգային, շատ քանակությամբ կշալակեին, կտանեին, բայց դե, էսօր կոտրած տաշտակի առաջ նստած ենք, շատ չենք ցանում՝ այն մտավախությամբ, որ բերքը վրեքներս կմնա ու ստիպված նիսյայով, էժան գնով, համարյա անասնակերի գնով դարձյալ կվաճառենք պաշտպանության նախարարության տենդերը շահած մարդկանց, որոնք տարիներով կխաբեն ու մեր գումարը չեն տա, ինչպես որ արեցին 3-4 տարի առաջ»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930