Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Խաչատուրյանը հաղթեց դատարանում

Դեկտեմբեր 12,2012 14:15

Վլադիմիր Խաչատուրյանը իր հայցադիմումով խնդրում էր անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) 15.07.2011թվականի թիվ Մ-136/11-Փ որոշումը, որտեղ գրառված էր, որ Վլադիմիրի փախստականի կարգավիճակը դադարեցվում է՝ համաձայն «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 03.03.2004թ. խմբագրության: Ըստ դրա, փախստական երեխաները կորցնում են իրենց կարգավիճակը, եթե ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ նրանց 18 տարին լրացած չի եղել:

Դատական նիստերն անցկացվեցին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ:

Դատական քննություններին ներկա չէր ՄՊԾ-ից՝ պատասխանող կողմի ներկայացուցիչը, սակայն գրությամբ այդ մասին տեղեկացրել էին: Վլադիմիրի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը ներկայացրեց գործում առկա փաստացի հանգամանքները: Ամիսներ տեւած դատաքննություններից հետո դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման:

Դատարանը գտավ, որ 03.03.

2004թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի խմբագրությունն ուժի մեջ մտնելու պահին Վլադիմիրը եղել է փախստական, իսկ նրա ծնողները՝ ՀՀ քաղաքացիներ: Հետեւաբար նշված հոդվածը կիրառելի կլիներ այն դեպքում, երբ, մասնավորապես, 03.03.

2004 թվականի խմբագրությամբ վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելու պահին, Վլադիմիրի ծնողները փախստականներ էին կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Դատարանն արձանագրեց, որ 03. 03. 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի խմբագրությամբ այդ օրենքի կիրառման համար բացակայել են հետեւյալ վավերապայմանները՝ Վլադիմիրի ծնողները չեն եղել փախստականներ, եւ նրանք քաղաքացիություն են ձեռք բերել 11.02. 2003թ. եւ 30. 01. 2002թ.: Այդ ժամանակահատվածում գործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքը փախստականի կարգավիճակը դադարեցնելու որեւէ դրույթ չէր նախատեսում, ինչը կապված կլիներ փախստականի ծնողների քաղաքացիության ձեռք բերելու հանգամանքի հետ:

Դատարանը փաստեց, որ Վլադիմիրի փախստականի կարգավիճակը դադարեցնելուն 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքը չէր կարող կիրառվել, քանի որ նրա կարգավիճակի հետ կապված իրավահարաբերությունները ծագել են առնվազն 2003 թվականին, երբ ծնողները ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն:

Հետաքրքիր է, թե ինչպես է լինում, որ նույն 18 տարեկանի հիմքով մի փախստականի հայցը մերժվում է, իսկ մյուսինը՝ բավարարվում: Հիշեցնենք, որ 18 տարեկանի նույն հիմքով մերժվել էին Արտակ Մարդյանի, Գեորգի Իվովի, Անդրանիկ Իսրայելյանի հայցերը, որոնց մասին «Առավոտն» անդրադարձել է: Պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ 2004 թվականին գործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է համարվել 27.11.08 թվականից, որին փոխարինել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը: Փաստորեն, բավական չէ, որ ՄՊԾ-ն կիրառել է ուժը կորցրած օրենքը, այն էլ 8 տարի հետո եւ հաշվի չի առել, որ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածը նույնիսկ այդ պայմաններում կարգավորում է իրավահարաբերությունները, դեռ վիճարկվում է հարց, որ փախստականը կարող է կորցնել կարգավիճակը, քանի որ ծնողները ձեռք են բերել քաղաքացիություն: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ծնողների քաղաքացիությունը ձեռք է բերվել ոչ թե 2004 թվականին կամ 2004 թվականից հետո, այլ ձեռք է բերվել մինչ 2004 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքի խմբագրումը, իսկ այդ ժամանակ գործող՝ 1999 թվականի «Փախստականների մասին» ՀՀ օրենքը չէր սահմանում հոդված, թե ծնողների քաղաքացիությունը դադարեցնում է երեխայի փախստական լինելու հանգամանքը: Այսինքն՝ սկսած 2004 թվականից, եթե ծնողները ձեռք բերեին քաղաքացիություն, ապա այդ ժամանակ երեխան կկորցներ փախստականի կարգավիճակը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31