Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Գրդզելյանի օգտին կայացրած վճիռը

Դեկտեմբեր 12,2012 18:46

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ լսվեց Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի եւ «Ռեգնում» լրատվական գործակալության հայկական բաժնի պատասխանատու  Ռոբերտ Գրդզելյանի դեմ գործով բողոքի քննությունը: (Հիշեցման կարգով նշենք, որ վեճ էր տեղի ունեցել Մ. Մանրիկյանի եւ Ռ. Գրդզելյանի միջեւ, որն ավարտվել էր փոխադարձ մարմնական վնասվածքներ հասցնելով):

Նշենք նաեւ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մնացական Մարտիրոսյան) Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մանրիկյանի որդու՝ Ա.Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով ճանաչել էր Գրդզելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Ա. Մանրիկյանին մեղավոր ճանաչել Քրօրի 117 հոդվածով (դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը)՝ նրան դատապարտելով նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի՝ 50 հազար դրամի չափով տուգանքի:

Այսօր կայացած դատական նիստի ժամանակ բացակայում էին եւ Գրդզելյանի եւ Ա. Մանրիկյանի պաշտպանները, սակայն առարկությունների բացակայության պատճառով դատարանը որոշեց նիստը չհետաձգել: Նիստը կայացավ, դատարանը որոշեց դատավճիռը թողնել անփոփոխ եւ բողոքը մերժել:

Aravot.am-ի հետ զրույցում Մեսրոպ Մանրիկյանը ասաց, որ համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ ու այն բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում: Նրա խոսքով՝ «Ես ասել էի, որ եթե այսպես չլինի, անունս  կփոխեմ: Այնքան հզոր են հովանավորները, որ դատարանը վախեցած վազեց այսպիսի դատավճիռ իրականացնելու»: Հարցին, թե ովքե՞ր են հովանավորները, որոնց մատնանշում է Մանրիկյանը, նա պատասխանեց, թե այդ մասին բոլորը գիտեն, ու ինքն անուններ չի տա, որովհետեւ դա իրեն պետք չէ:

Հաջորդ հարցին էլ, եթե գիտեիք, որ վճիռն անփոփոխ է մնալու, ինչո՞ւ բողոքարկեցիք այն, Մանրիկյանը ասաց. «Ես մինչեւ վերջ գնալու եմ: Իսկ Եվրոդատարանում ոչինչ չեն կարող անել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31